Հինգշաբթի Ժնևում «բեկումնային» օր է սպասվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար, հայտնում է BBC-ն: Կազմակերպիչներն ու մասնակից երկրները կքննարկեն, թե արդյոք պետք է թույլ տալ Իսրայելին շարունակել մասնակցել մրցույթին:
Այս քննարկումներն ընթանում են բողոքի ցույցերի ֆոնին Իսրայելի դեմ, որին մեղադրում են Գազայի հատվածում պատերազմի համար:
Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան, հայտարարել են, որ կբոյկոտեն «Եվրատեսիլը», եթե դրան մասնակցի Իսրայելը: Գերմանիան հայտարարել է, որ դուրս կգա մրցույթից, եթե Իսրայելը հեռացվի:
Շվեյցարիայի Բազել քաղաքում այս տարվա եզրափակչի ժամանակ երկու հոգի փորձել էին ներխուժել բեմ և ներկ լցնել իսրայելցի մասնակից Յուվալ Ռաֆայելի վրա։ Ռաֆայելը մրցույթում գրավել էր երկրորդ տեղը՝ հաղթանակ տանելով հանրային քվեարկության ժամանակ։
Անցյալ ամիս «Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտարարեցին, որ խստացնում են մրցույթի քվեարկության կանոնները, որպեսզի սահմանափակեն կառավարությունների ազդեցությունը արդյունքների վրա:
