Կառավարությունը փոխում է գերակա շահի հիմքով սեփականության օտարման կարգը

Կառավարությունը դեկտեմբերի 4-ի նիստում հավանություն է տվել նախագծի, որով փոխվում է գերակա շահի հիմքով սեփականության օտարման կարգը։

Արդարադատության նախարարության օրենսդրական փաթեթում բարձրացվում են օտարման փոխհատուցման չափերը, և ներդրվում է մեխանիզմ, որով օտարման գործընթացը չի կանգնում փոխհատուցման շուրջ երկարատև դատական վեճերի պատճառով։ Այսինքն, եթե կողմերը պայմանագիր չեն կնքել, իսկ ձեռքբերողը փոխհատուցման գումարը դեպոզիտային հաշվին է փոխանցում, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել ձեռքբերողին՝ առանց սպասելու երկարատև դատական գործընթացների ավարտին։ Միևնույն ժամանակ սեփականատերը շարունակում է ունենալ փոխհատուցման չափը դատարանում վիճարկելու իրավունք։

Փաթեթը վերաբերում է այն ոլորտներին, որոնցում օտարումը կարող է կատարվել գերակա հանրային շահով։ Փաթեթում առանձին շեշտված է, որ գերակա հանրային շահ ճանաչված ոլորտների շարքում են էներգետիկան, ջրամատակարարումը, հաղորդակցության ուղիները, քաղաքաշինական և ենթակառուցվածքային ծրագրերը։ Սա նշանակում է, որ նոր մեխանիզմներն անհրաժեշտության դեպքում կիրառելի են նաև էներգետիկ համակարգի գույքի նկատմամբ (օրինակ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության»-խմբ․):

Փաթեթը նախատեսում է նաև մեխանիզմ, որով գործող օրենսդրությամբ գույքի շուկայական արժեքին հավելվող 15%-ին զուգահեռ ներդրվում է խրախուսական մեխանիզմ՝ կամավոր համաձայնության դեպքում փոխհատուցումը դառնալու է շուկայական արժեքից մինչև 30% ավելի։ Սեփականատերը կարող է ներկայացնել իր գնահատման հաշվետվությունը, որի դեպքում հաշվարկված արժեքի բարձրացման դեպքում փոխհատուցումը կարող է աճել մինչև 10%-ով։

Փոփոխություններով հստակեցվում են նաև դատավարական կանոնները․ Վարչական դատարանը գերակա շահի որոշումները կքննի հատուկ կարգով, իսկ քաղաքացիական դատարանը՝ փոխհատուցման չափի վերաբերյալ գործերը՝ սահմանված ժամկետներով։ Ներդրվում է նաև արգելք, որպեսզի այս վեճերի ընթացքում չկասեցվեն հանրային նշանակության ծրագրերը։

Կառավարությունը հիմնավորում է, որ այս փոփոխությունները միտված են հանրային և մասնավոր շահերի առավել հավասարակշռված համադրությանը, սեփականատերերի ավելի բարձր պաշտպանությանն ու պետական և համայնքային նշանակության ծրագրերի կանխատեսելի իրագործմանը։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նշել էր, որ եթե ընկերությունն ու հանձնաժողովը առաջիկա ամիսներին համաձայնության չգան, ապա գերակա շահի իրավունքով պետությունը կարող է վերցնել ՀԷՑ-ը։

Leave a Comment