Դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2006 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարն ի կատարումն Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի որոշման, 49 տարի ժամկետով կնքել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառպետության 4118 հեկտար և Եղեգիսի անտառպետության 3620 հեկտար տարածքների անհատույց օգտագործման պայմանագիր:
Պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման, սահմանված ժամկետում պետական գրանցման չի ներկայացվել, հետևաբար՝ առոչինչ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, կառավարության նիստում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսով, Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի որոշման մեջ նշված հողերից՝ 5330 հեկտարն այլևս Ընկերությանն անհատույց օգտագործման հանձնված չէ: 4118 հեկտարի և 3620 հեկտարի մասով կնքված պայմանագիրն առոչինչ է: Հետևապես, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության այդ որոշումը:
Հավելեմ նաև, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին, այսօրվա դրությամբ, մուտքագրվել է 20 միլիարդ 678 միլիոն դրամ»: