Բրյուսելում ներկայացվել են ՀՀ–ԵՄ գործընկերության նոր ուղղությունները

Բրյուսելում ներկայացվել են ՀՀ–ԵՄ գործընկերության նոր ուղղությունները

4 դեկտեմբերի 2025 – 11:07 AMT

PanARMENIAN.Net – Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված նոր ռազմավարական ուղղությունները:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը՝ ներկայացնելով «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: Կոստանյանը նշել է, որ նոր փաստաթուղթը սահմանում է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր և հավակնոտ նպատակներ, այդ թվում՝ անվտանգության, կիբերանվտանգության և տնտեսական ոլորտներում։

Փոխնախարարը կարևորել է նաև ԵՄ արևելյան հարևանության տարածքում ընթացող քաղաքական և աշխարհագրական փոփոխությունները՝ առանձնացնելով դրանց ազդեցությունը ԵՄ արևելյան քաղաքականության վրա։ Նա անդրադարձ է կատարել Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցության խորացման հնարավորություններին, ինչպես նաև ընդգծել է տարածաշրջանային կապերի ու տնտեսական փոխգործակցության կարևորությունը։

Կոստանյանը նշել է, որ 2027թ. հետո համագործակցության շարժիչ ուժը հանդիսանալու է տնտեսական հենասյունը, միաժամանակ շեշտելով ԱլԳ արժեքները՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը՝ դրանք համարելով տնտեսական և փոխկապակցվածության նախաձեռնությունների արդյունավետ իրականացման կարևոր բաղադրիչներ։

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության համար գնված նոր շենք՝ քննարկելով դրա վերանորոգման և գործառնական ապահովման անհրաժեշտ գործողությունները։

«Կառավարության ջանքերով ընդլայնվում է ՀՀ ներկայացվածությունը, բարելավվում են դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության պայմանները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 2-ին Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Նույն օրը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ նիստի շրջանակում, ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը։ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի վեցերորդ նիստի ավարտին նաև ընդունվել է համատեղ հայտարարություն։

Leave a Comment