Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է խաղադաշտ ու կատարել գոլային փոխանցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձը խաղադաշտ նշել է արդյունավետ գործողությամբ։

36-ամյա ֆուտբոլիստն «Ինտերի» կազմում մասնակցել է Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպմանը «Վենեցիայի» դեմ։ Միլանյան ակումբը վստահ հաղթանակ է տարել 5։1 հաշվով, իսկ Մխիթարյանը փոխարինման է մտել ընդմիջմանը և մասնակցել երկրորդ խաղակեսին, կատարել գոլային փոխանցում ու մասնակցություն ունեցել նաև մեկ այլ գոլային գրոհի։ Հայ կիսապաշտպանն ունեցել է նաև իրական գոլային պահ, սակայն նրա հարվածից հետո գնդակն ընթացել է փոքր շեղությամբ։

«Ինտերի» կազմում դուբլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, մեկական գոլ են խփել նրա հայրենակիցներ Անդի Դիուֆը և Անժ-Յոան Բոնին ու իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։

«Ինտերը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ռոմա» – «Տորինո» զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 25-ին ազդրի մկանային վնասվածք էր ստացել «Նապոլիի» դեմ խաղում ու բաց էր թողել «Ինտերի» նախորդ 7 հանդիպումները։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն այս մրցաշրջանում անցկացրել է 9 հանդիպում ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment