ԶԼՄ-ին հայտնի է դարձել մինչև փետրվար Գյումրիում վերահսկողություն հաստատելու ՔՊ-ի ծրագրերի մասին

«Քաղաքացիական պայմանագիրը» մինչև փետրվար ուզում է վերցնել Գյումրիում իշխանությունը՝ օգտվելով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ կալանքի տակ գտնվելու հանգամանքից, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ կուսակցությունը պատրաստվում է գնալ այդ քայլին, որպեսզի վարչական լծակներ ունենա 2026 թվականի  խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Այս ֆոնին, ըստ թերթի, բանակցություններ են ընթանում ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի և ավագանու «Մայր Հայաստանի» ղեկավար Կարեն Սիմոնյանի միջև, որ համատեղ ուժերով համոզեն քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հրաժարվել մանդատից ու պաշտոնից, որպեսզի նոր համայնքապետ ընտրեն` ի դեմս Գրիգորյանի որդուն:

Թերթը նշում է, որ չնայած իշխանությունների ճնշումներին՝ Գյումրիի ավագանու ընդդիմադիր հատվածը դիմադրում է։ Երկարատև ընդմիջումից հետո դեկտեմբերի 3-ին անցկացրել է հերթական նիստը՝ ապահովելով կառույցի բնականոն գործունեությունը: Ղուկասյանի և խորհրդի մի քանի անդամների ձերբակալությունից հետո իշխանությունները հետևողականորեն աշխատել են, որպեսզի ցուցակի հաջորդ թեկնածուները հրաժարվեն մանդատներից, հավելել է թերթը: Դա թույլ կտար ստեղծել ճգնաժամ, այնուհետև հնարավորություն ստանալ իշխանությունը զավթելու։

Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։

Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։

Leave a Comment