Հայ երաժիշտները տասնամյակներ շարունակ դառնում են հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիրներ և հաղթողներ
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ երաժիշտները տասնամյակներ շարունակ դառնում են հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիրներ և հաղթողներ։ Դրանց թվում են Պյոտր Չայկովսկու, Եհուդի Մենուհինի և Թագուհի Եղիսաբեթի անվան մրցույթները։ Հայերը հայտնի են նաև որպես մանկավարժներ, որոնց աշակերտները բացառիկ հաջողությունների են հասնում թե՛ աշխարհի հեղինակավոր կոնսերվատորիաներում, թե՛ միջազգային մրցույթներում։ Նրանց ճանապարհը Երևանի կոնսերվատորիայից մինչև աշխարհի առաջատար կոնսերվատորիաներ ու բեմեր ոգեշնչում է երաժիշտների նոր սերնդին՝ ընդգծելով հայկական երաժշտական ավանդույթի հզորությունը և հայ երաժիշտների արվեստը։
Քիմ Քաշքաշյան – ամերիկահայ ալտահարուհի, որը ճանաչվել է աշխարհի առաջատարներից մեկը։ Քաշքաշյանը հանդես է եկել ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ համագործակցելով բազմաթիվ ակնառու ժամանակակից կոմպոզիտորների հետ։ 2013 թվականին նա արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն դասական գործիքային մենակատարման համար։
Սերգեյ Բաբայան – ամերիկահայ հայտնի դաշնակահար և մեր ժամանակների ամենաազդեցիկ մանկավարժներից մեկը։ Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում Վերա Գորնոստաևայի և Լև Նաումովի մոտ։ Սերգեյ Բաբայանը ոչ միայն Քլիվլենդի միջազգային և այլ մրցույթների դափնեկիր է ԱՄՆ-ում ու Եվրոպայում, այլև դաշնամուրի պրոֆեսոր է Juilliard School –ում (ԱՄՆ), դասավանդում է Cleveland Institute of Music–ում և Southern Methodist University–ում։ Նրա սաները, այդ թվում՝ աշխարհահռչակ դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը, դառնում են աշխարհի խոշորագույն մրցույթների հաղթողներ։
Ռուբեն Աղարոնյան — հայ անվանի ջութակահար, մանկավարժ և դիրիժոր։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ սովորել է պրոֆեսոր Արսենի Յանկելևիչի մոտ, ապա կատարելագործվել Լեոնիդ Կոգանի մոտ։ Բուխարեստի Ջորջե Էնեսկուի (1970 թ.) և Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան (1974 թ.) միջազգային մրցույթների դափնեկիր է։ Քսան տարի դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայում ու երկու Ամերիկաներում։ 1983-ից 1996 թվականներին եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը, որի հետ հանդես է եկել նաև որպես մենակատար։ 1996 թվականից Բորոդինի անվան լեգենդար քառյակի անդամ է։
Ժան Տեր-Մերկերյան – XX դարի հայ ակնառու ջութակահարներից մեկը։ Մարսելի կոնսերվատորիայում ստացել է ջութակի առաջին մրցանակը, Չայկովսկու, Թագուհի Եղիսաբեթի և Ժակ Տիբոյի, «Պրահայի գարուն» հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, եղել է Պագանինիի (Իտալիա), Սարասատեի (Իսպանիա), Չայկովսկու (Մոսկվա) միջազգային մրցույթների ժյուրիի անդամ։
Նարեկ Հախնազարյան – մեր ժամանակների ամենահայտնի հայ թավջութակահարներից մեկը։ Ավարտել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան և New England Conservatory-ն (ԱՄՆ)։ Հախնազարյանը Մոսկվայի Չայկովսկու անվան միջազգային մրցույթում (2011 թ.) նվաճել է առաջին մրցանակն ու ոսկե մեդալը, և այդ հաղթանակը նրա համար բացել է աշխարհի առաջատար բեմերի դռները։ Նարեկը դասավանդում և վարպետության դասեր է անցկացնում Եվրոպայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի հեղինակավոր ակադեմիաներում։
Հասմիկ Գրիգորյան – լիտվահայ օպերային երգչուհի, սոպրանո, որը ճանաչվել է XXI դարի լավագույն օպերային երգչուհիներից մեկը։ Հասմիկը միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Cantate Domino-ն և Klaudia Taev Competition-ը, ինչպես նաև International Opera Awards մրցանակի կրկնակի դափնեկիր է (2016 և 2019 թթ.)։
Անահիտ Ցիցիկյան – հայտնի ջութակահարուհի, երաժշտագետ, մանկավարժ, Հայաստանում երաժշտական հնագիտության հիմնադիր։ Ցիցիկյանը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում՝ հիմնելով աղեղնային կատարողական արվեստի պատմության և հայկական երաժշտական ավանդույթի դասընթացներ, դասախոսություններով և զեկույցներով հանդես է եկել միջազգային կոնֆերանսներում։
Սերգեյ Խաչատրյան – ջութակահարը միջազգային ճանաչում է ձեռք բերել Բրյուսելում Եղիսաբեթի թագուհու անվան (2005 թ.) և Չայկովսկու անվան միջազգային մրցույթներում (2007 թ.) հաղթելուց հետո։ Սերգեյը ոչ միայն աշխարհի առաջատար նվագախմբերի հետ է հանդես գալիս, այլև հաճախակի հյուր է Հայաստանում, որտեղ ելույթներ է ունենում Ազգային ֆիլհարմոնիկ և Պետական սիմֆոնիկ նվագախմբերի հետ Երևանում և մարզերում։
Դիանա Ադամյան – նոր սերնդի ներկայացուցիչ ջութակահարուհի, սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարան) և Մյունխենի Hochschule für Musik und Theater-ում պրոֆեսոր Անա Չումաչենկոյի մոտ։ Դիանան ընտրվել է Պինխաս Ցուկերմանի մոտ սովորելու NAC-ի Ամառային երաժշտական դպրոցում, ինչպես նաև Լեոնիդաս Կավակոսի մոտ։ 2018 թվականին Դիանա Ադամյանի անունը հնչեց ողջ աշխարհում. նա արժանացավ Մենուհինի անվան միջազգային մրցույթի Առաջին մրցանակին։ Նույն թվականին դարձել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող։
Միշել Պետրոսյան – կոմպոզիտորը բարձրագույն դասական երաժշտական կրթություն է ստացել Փարիզում, որտեղ ուսումնասիրել է կոմպոզիցիա, երաժշտական վերլուծություն և նվագախմբային մշակում։ 2013 թվականին նա գրավել է առաջին տեղը Եղիսաբեթի թագուհու անվան միջազգային մրցույթում՝ «Կոմպոզիցիա» անվանակարգում։ Դաշնամուրի և նվագախմբի համար գրված Պետրոսյանի In the Wake of Ea կոնցերտը ճանաչվել է լավագույնը մրցույթին ներկայացված 141 ստեղծագործությունների շարքում։
Ներկայացված օրինակները հայ երաժիշտների ձեռքբերումների միայն մի մասն են։ Նրանք շարունակում են գրավել համաշխարհային բեմերը՝ ամրապնդելով մշակութային կապերը Հայաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև և ոգեշնչելով երիտասարդներին նոր հաղթանակների։
Ապագա հաղթանակների գրավականը
Հաջողությունը երաժշտության մեջ, ինչպես ցանկացած այլ ոլորտում, անհնար է առանց որակյալ կրթության։ Այդ իսկ պատճառով, Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ հրատարակվել է Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» հայտնի դասագրքի ամբողջական տարբերակը։ Այս դասական աշխատությունը, որը ճանաչված է ամբողջ աշխարհում, դառնում է կարևոր գործիք երիտասարդ հայ երաժիշտների համար՝ օգնելով կատարելագործել տեխնիկան, խորացնել երաժշտական ստեղծագործության արտահայտչականությունը և հասնել միջազգային ճանաչման։ Այս հրատարակության շնորհիվ հայկական ջութակի նոր դպրոցը ուղիղ հասանելիություն է ստանում համաշխարհային մեթոդաբանությունների նկատմամբ, ինչը նպաստում է ապագա հաջողություններին համաշխարհային բեմում։