Մայր Աթոռում տարբերակներ են քննարկում եպիսկոպոսների քայլերի առնչությամբ. ԶԼՄ

Եպիսկոպոսները դեկտեմբերի 10-12-ի նիստում պետք է լուծեն ՀԱԵ մի շարք թեմերի ղեկավարության փոփոխության հարցը, որոնց ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին կոչ են արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Մայր Աթոռում, թերթի փոխանցմամբ, տարբերակներ են քննարկում այս եպիսկոպոսների քայլերի հաջորդականությամբ: Օրինակ՝ առաջարկել են ոչ թե կարգալույծ անել այդ հոգևորականներին, այլ՝ պաշտոնաթող, թեմական առաջնորդությունից զրկել: Սակայն, հաշվի առնելով Հովհաննավանքի նախադեպը, երբ իրավապահներով ապահովում են վանքի զավթումն ու պահպանում կարգալույծ քահանային, կարծիք է հնչել, որ այս դեպքում էլ իշխանությունը կխրախուսի եպիսկոպոսներին, և կարգալույծ հոգևորականները դուրս չեն գա առաջնորդարաններից, հավելել է լրատվականը:

Արդյունքում որոշվել է հարցը թողնել Եպիսկոպոսաց ժողովի քննությանը, որը կկայանա դեկտեմբերի 10-12-ը: Բարձրաստիճան հոգևոր դասը, պարբերականի տվյալներով, կողմ է կոշտ պատիժներին, քանի որ գտնում են՝ իշխանությունը խախտել է բոլոր կարմիր գծերը, ներողամտության տեղ չի թողել:

Մայր Աթոռը դեկտեմբերի 1-ին է հայտարարել Եպիսկոպոսաց ժողով հրավիրման մասին, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան տարածքում ծառայություն մատուցող եպիսկոպոսները, այլև բոլոր թեմերի:

Նոյեմբերի 30-ին եկեղեցու տասը եպիսկոպոսներ կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրած բարձրաստիճան հոգևորականների մեծ մասը մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։

Leave a Comment