ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարության տիրապետության ներքո չկա 2001 թվականին Քի Վեսթի բանակցություններում քննարկված ղարաբաղի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա, ուղղակի չկա, և ես շատ մտածել եմ, թե ինչո՞ւ չկա, և իմ պատասխանը մեկն է, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել։ Դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի է ունեցել հոկտեմբերի 27 և դրան նախորդած և հաջորդած իրադարձություններ, ուրիշ որևէ բացատրություն չկա», – ասել է նա խորհրդարանում՝ պատասխանելով կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերում կարգավորման այս տարբերակի բացակայության մասին ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Պատգամավորի այն պնդմանը, որ կառավարությունը, կարգավորման առաջարկի քողի տակ, հրապարակել է 2008 թվականին «Հայկական ժամանակ» թերթում տպագրված նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, Փաշինյանը, նշելով Տեր-Պետրոսյանի համագործակցությունը ընդդիմության հետ, կոչ է արել Խամոյանին «պարզաբանում ուզել գործընկերոջից»։ Միևնույն ժամանակ, վարչապետը հայտարարել է, որ վիճելի փաստաթուղթը «այդ դավադրության տեքստն է»։

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հանրայնացրել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի 13 փաստաթուղթ։

Leave a Comment