ՀՀ-ԵՄ գործընկերությունը բարձրանում է ռազմավարական մակարդակի. Միրզոյան

Վերջին տարիների ընթացքում մեր գործընկերությունը Եվրոպական միության հետ զարգացել է աննախադեպ տեմպերով, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը


ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վերջին տարիների ընթացքում մեր գործընկերությունը Եվրոպական միության հետ զարգացել է աննախադեպ տեմպերով, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


«Մինչ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ծառայում է որպես Հայաստան–ԵՄ գործընկերության ամուր իրավական հիմք, մենք մեր հարաբերությունները զարգացրել ենք ՀԸԳՀ-ից շատ ավելի անդին՝ հարստացնելով դրանք նոր ուղղություններով»,- ասել է նա Բրյուսելում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը:


Նա նշել է հիմնական ձեռքբերումները.


-Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ և դրա շրջանակում արձանագրված շոշափելի առաջընթաց,


-Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեություն,


-Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում աջակցության առաջին փաթեթի տրամադրում,


-Անվտանգության ոլորտում համագործակցության նոր հորիզոնների բացում՝ Անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկով և Հայաստանի՝ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրին միանալով,


– «Դիմակայունություն և աճ» ծրագրի ընդունում ու դրա շրջանակում արձանագրված առաջընթաց։


«Երեկ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որը լրացնում է ՀԸԳՀ-ն և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի»,-ընդգծել է Միրզոյանը։


Ըստ նրա, այս գարնան ամենանշանակալի իրադարձությունը Հայաստանի խորհրդարանի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումն էր։


«Այստեղ կուզենայի ընդգծել քաղաքացիական հասարակության դերը, քանի որ օրենքը քաղաքացիական նախաձեռնություն էր և հստակ արտացոլում էր Հայաստանի քաղաքացիների ձգտումները։ Այն փաստը, որ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը աջակցեցին նախաձեռնությանը, ցույց է տալիս, որ մենք կիսում ենք նույն՝ Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու տեսլականը։ Սա խորհրդանշում է, որ Հայաստանում ճանապարհը դեպի Եվրոպա ոչ միայն կառավարության քաղաքականությունն է, այլև հասարակության ընտրությունը՝ անհատից դեպի պետություն գործընթաց: Սա ժողովրդավարություն է գործողության մեջ»,-ընդգծել է Միրզոյանը։


 


 

Leave a Comment