«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի շուրջ պտտվող խոսակցությունները։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «կապտանռնագույնների» սանը կարող է վարձակալական հիմունքներով միանալ թիմին՝ MLS-ի առաջնության դադարի ընթացքում։
«Մեսսիի կարճաժամկետ վարձակալությու՞ն։ Լեոն գործող պայմանագիր ունի։ Չեմ կարծում, որ այդ թեման երբևէ քննարկվել է։ Մեսսին մնում է Մեսսի, նա միշտ կարող է օգտակար լինել, սակայն այս պահին եկեք չխոսենք այդ մասին»,- Դեկուի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականի օգոստոսին՝ տեղափոխվելով ֆրանսիական ՊՍԺ։ 2023 թվականի ամռանից արգենտինացին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։