
ՖԻՖԱ-ն փոփոխել է այն վերջնաժամկետը, երբ ակումբները պարտավոր են բաց թողնել իրենց ֆուտբոլիստներին՝ Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը (AFCON) մասնակցելու համար։
Նախապես սահմանված դեկտեմբերի 8-ի փոխարեն՝ ժամկետը տեղափոխվել է դեկտեմբերի 15։ Նմանատիպ որոշում կայացվել էր նաև 2022 թվականին՝ Քաթարում կայացած Աշխարհի առաջնության նախաշեմին, որն անցկացվում էր ձմռանը՝ ակումբային մրցաշրջանի ընթացքում։
Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հաստատել էր, որ Եգիպտոսի հավաքականի ավագ Մոհամեդ Սալահը ազգային թիմին կմիանա հենց դեկտեմբերի 15-ին։
Այս փոփոխության շնորհիվ Սալահը կհասցնի մասնակցել Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Ինտերի» (դեկտեմբերի 9) և Պրեմիեր լիգայի՝ «Բրայթոնի» դեմ (դեկտեմբերի 13) հանդիպումներին։
Հիշեցնենք, որ Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2026 թվականի հունվարի 18-ը։