3 դեկտեմբերի 2025 – 17:47 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն արձանագրել է Արագածոտնի թեմի քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Դատարանն արձանագրել է, որ «(…) ներկայացված բողոքը որոշման մեջ նշված պատճառաբանություններով հիմնավոր է, քննիչի միջնորդությամբ բնակարանի անձեռնմխելիությունը սահմանափակելու իրավաչափությունն ու համաչափությունը բավարար չափով պատճառաբանված չէ, ուստի ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից չի կարող համարվել արդարացված»: Խուզարկությունը փաստացի կատարված լինելու հիմքով դատական ակտը չի բեկանվել, սակայն արձանագրվել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է»,–գրել է նա։
Հատուկ վերանայման բողոքը դատարան է ներկայացրել փաստաբան Մարինա Սիմոնյանը։
«Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կազմում պաշտոնավարող միայն պրոֆեսիոնալ և խիզախ Դատավորներն են այս տեսակ արդարացի որոշումներ կայացնում, քանի որ արդեն իսկ մի քանի դատավորներից, նույն հիմքով և փաստարկներով բերված հատուկ վերանայման բողոքների մերժումներ ենք ստացել այլ քահանաների մասով (նրանց անունները վարույթ ընդունելու որոշման տակ կարդալը բավարար է, որ հասկանաս՝ արդարադատություն սպասել պետք չէ): Ի դեպ, բոլոր քահանաների մասով և՛ միջնորդությունն էր նույնը, և՛ կից նյութերը: Հետևությունները թողնում եմ ձեզ»,– ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Ֆանյանը հայտնել էր, որ Արագածոտնի թեմի հոգևորականների տներում խուզարկությունների, իրավապահների ոչ իրավաչափ վարքագիծը բողոքարկվել է։
Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի հայտարարությունների հիման վրա մեկնարկած քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից կատարվել են խուզարկություններ Արագածոտնի թեմի հոգևորականների տներում, ինչից հետո քահանաները բերման են ենթարկվել։ Ըստ փաստաբանի՝ այդ խուզարկությունները իրականացվել են անպատշաճ ձևով. քահանաներից մեկին անգամ հնարավորություն չեն տվել հանել գիշերազգեստը, իսկ երեխաներին պատկանող հեռախոսներն ու պլանշետները առգրավվել են։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել և հետագայում կալանավորվել է թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։