3 դեկտեմբերի 2025 – 17:49 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ լիովին կիսում է իր գործընկեր Հակոբ Ասլանյանի տեսակետը՝ այն մասին, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին չվերարտադրվի վարչապետի պաշտոնում։
Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է միանա մեկ գաղափարի շուրջ՝ թույլ չտալու Փաշինյանի վերարտադրությունը:
«Դա չի նշանակում, որ մենք ամենակարող ենք։ Դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ՝ մեր համեստ անձերից կախված, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի 2026 թվականին, քանի որ կարծում ենք՝ դա մեր պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ կկանգեցնի»,– Aysor.am-ի հետ զրույցում նշել է Աղազարյանը։
Նրա խոսքով՝ շուտով կսկսվի նախընտրական տարին և իրենք իրենց տեսակետներն ու անելիքները կհայտնեն:
«Ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ արդյո՞ք մենք ճիշտ ենք, թե՝ ոչ։ Պարոն Ասլանյանն ու ես չունենք շատ ֆինանսական ու մեդիա հնարավորություններ։ Թե որքանով մեր տեսակետը կհասնի շարքային քաղաքացուն, դրանից է ամեն ինչ կախված»,-ասել է նա։
Հարցին՝ այս ընթացքում այլ քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, քննարկումներ ունեցե՞լ են, պատգամավորը նշել է. «Քննարկումներ ու հանդիպումներ ունենում ենք։ Կոնկրետ մենք ունենք մեր բանաձևը՝ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։ Եթե մեզ հաջողվի ընդդիմադիր դաշտին բերել այս բանաձևին, ապա, մեր խորին համոզմամբ, կարող ենք ասել, որ հնարավոր կլինի խնդիրը լուծել։ Այս պահին շրջանառվում է երկու գաղափար, որոնցից մեկն Էդմոն Մարուքյանի գաղափարն է՝ առավել կոնսոլիդացված ուժի շուրջ համախմբում։
Իսկ մյուս գաղափարը տարբեր ձևերով առաջ է քաշում ՀԱԿ-ը, մասնավորապես Լևոն Զուրաբյանը և մենք։
Զուրաբյանն ասում է, որ առանց ընդհանրական մոտեցման հնարավոր չի լինի պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ»։
Աղազարյանը պնդում է՝ ընդդիմությունն ընտրութFյուններին պետք է գնա ճակատով:
«Մեր գաղափարն ու պարոն Զուրաբյանի գաղափարը, ըստ էության, նույնն է։ Մենք ասում ենք, որ պետք է ստեղծվի մի քանի խոշոր դաշինքն՝ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, ՀԱԿ, ԴՈԿ, Գագիկ Ծառուկյան, և այդ դաշինքները քաղաքական պայմանագիր ստորագրեն, որ իրենք ընտրություններին գնում են ճակատով, ընտրողներին ասեն՝ ձեր ձայնը տվեք այս ճակատից որևէ մեկին, ում ուզում եք։Եվ եթե այս դեպքում Նիկոլ Փաշինյանը, ընտրություններից առաջ որոշի այս կամ այն ուժին դուրս հանել ընտրապայքարից, ապա այդ ուժը իր համակիրներին կոչ կանի, որպեսզի ձայն տան ճակատի մյուս անդամներին։ Հաստատ Նիկոլ Փաշինյանն այն ուժից, որից վտանգ է զգում, տարբերակ է գտնելու այն չեզոքացնելու, և դա առաջին հերթին վերաբերելու է «Մեր ձևով» շարժմանը, քանի որ այսօր մեծ ուժ դառնալու հավանականություն իրենք ունեն»,–ասել է նա։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։