3 դեկտեմբերի 2025 – 18:13 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂ խնդրի բանակցային գործընթացին, նշել է, որ ընդդիմությունը փորձում է անհիմն փաստարկներով չեզոքացնել ներկայացվող փաստաթղթերի բովանդակությունը։
Նա ասել է նաև, որ Բաքուն փաստաթղթերին չէր ասում այո, քանի որ ամեն հաջորդն իր համար ավելի լավն էր դառնում, հայտնում է Auroranews.am-ը։
Ըստ նրա՝ այն, որ բանակցային գործընթացը փակուղում էր, ապացուցելու համար կարիք չկար բանակցային փաստաթղթերը հրապարակելու: Նա հիշեցրել է՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր 2018 թվականի ապրիլի 17-ին այս դահլիճում վարչապետ ընտրվելուցմ պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավորի հարցին, ասել, որ բանակցային գործընթացը կանգնած է և հույս չի ներշնչում:
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի պատճառներին, նա նշել է երկու առանցքային հանգամանք։
«Պատճառ համար մեկ՝ 1998 թվականի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը 1-ը 1.1-ի էր, այսինքն՝ գրեթե ամբողջությամբ հավասար, 2008-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն ավարտում էր իր նախագահության շրջանը, արդեն հարաբերակցությունը 1-ը 5.3-ի էր, այսինքն՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեն գերազանցում էր 5 անգամ: Սերժ Սարգսյանի օրոք մի շրջան է՛լ ավելի է բարձրացել հարաբերակցությունը, և մենք ժառանգել ենք ռազմական բյուջեների շատ բարձր տարբերություն, որը մեր օրոք քչացել է»,– հիշեցրել է Ռուբինյանը։
Մի կողմից, ըստ Ռուբինյանի, ունեինք ռազմական բյուջեների տարբերություն՝ հօգուտ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեների աճ, մի կողմից՝ բանակցային փաստաթղթերի շարունակական վատթարացում հայկական կողմի համար, և մյուս կողմից ունենք իրավիճակ, որ Ադրբեջանն այդ վատթարացող փաստաթղթերին չի ասում՝ այո, որովհետև ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար:
ԱԺ փոխնախագահը հիշեցրել է՝ վերջին փաստաթուղթը, որին կողմերից որևէ մեկը ասել է այո, եղել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որին Հայաստանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ասել է այո, Ադրբեջանը՝ ի դեմս Իլհամ Ալիևի, ասել է՝ ոչ:
«Դրանից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որին Ադրբեջանն ասի՝ այո, Հայաստանը՝ ոչ»,- ընդգծել է Ռուբեն Ռուբինյանը:
Կառավարության պաշտոնական կայքում տեղադրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։
«Հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»,–ասվում է հրապարակման մեջ։