Վարակների պատճառով 185 աշակերտ տուն է ուղարկվել․ Ըստ ԿԳՄՍՆ–ի՝ բացակայությունները նորմայի մեջ են

Վարակների պատճառով 185 աշակերտ տուն է ուղարկվել․ Ըստ ԿԳՄՍՆ–ի՝ բացակայությունները նորմայի մեջ են

3 դեկտեմբերի 2025 – 18:21 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանի ուսումնական հաստատություններից 185 երեխա «համաճարակաբանական ֆիլտրի» արդյունքում ուղարկվել է տուն։ Այդ մասին հայտնել է ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը, գրում է Panorama.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ նշված աշակերտներից 77-ը մայրաքաղաքի ուսումնական հաստատություններից են, մնացածը՝ մարզերից։

«Նոյեմբերի 3-ից Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդրվել է «համաճարակաբանական ֆիլտր», այսինքն՝ ուսումնական հաստատությունների մուտքի մոտ ջերմաչափում են իրականացնում, և սուր շնչառական վարակների ախտանշաններով երեխաներին տուն են ուղարկում։

2025 թվականին հաստատվել է առողջապահության նախարարի հրամանը, որով եթե տվյալ ուսումնական հաստատությունը, նախադպրոցական հաստատությունը ունի ընդհանուր սովորողների, աշխատողների, ուսանողների 20 տոկոս և ավելի բացակայություններ, կարող է դիմել լիազոր մարմնին անցնելու հեռավար ուսուցման։ Նախադպրոցական ուսումնական հաստատության դեպքում կարող է դիմել փակվելու առաջարկով»,– նշել է Խաչատրյանը։

Նա նաև հայտնել է, որ այս պահին երկրում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, ռինովիրուս, ադենովիրուս, բոկավիրուս և կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ։

ԿԳՄՍ նախարարությունն ավելի ուշ արձագանքել է՝ հաստատելով, որ Առողջապահության նախարարությունից ստացել են գրություն՝ հանրակրթական հաստատություններում խստորեն կիրառել «համաճարակային ֆիլտր»՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճով, հատկապես մինչև 18 տարեկանների շրջանում։

«Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով ԿԳՄՍ նախարարարությունն ուսումնական հաստատություններին հանձնարարել է խստորեն հետևել «համաճարակային ֆիլտր»-ի իրականացման գործընթացին՝ հիվանդ երեխաների մուտքն ուսումնական հաստատություններ բացառելու նպատակով:

Դպրոցներին հանձնարարվել է նաև հիվանդության ախտանշանների հայտնաբերման դեպքում սովորողների համար կազմակերպել հեռավար ուսուցում՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մարտի 20-ի N 09-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի» պահանջներով։

Միաժամանակ հայտնում ենք, որ վերջին օրերին ՀՀ հանրակրթական դպրոցներում բացակայությունների միջին ցուցանիշը չի գերազանցել սովորողների ընդհանուր թվի 15 տոկոսը, ինչը նորմայի շրջանակում է»,–հայտնել են նախարարությունից։

Հայաստանում, սեզոնային վիրուսների ակտիվության աճով պայմանավորված, արձանագրվել է A(H3N2) տիպի գրիպի տարածում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Leave a Comment