Կարևոր է ստեղծել և խթանել աշխատատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ապահովելով հասանելիություն, հարմարեցված պայմաններ, արդար մրցակցություն ու մասնագիտական աճի հնարավորություններ, դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժումը։
Ընդգծել են, որ աշխատանքն ինքնուրույնության, ինքնահաստատման և հասարակական կյանքում ակտիվ մասնակցության ամենակարևոր ուղիներից մեկն է։ Շարժման հայտարարության մեջ նշվում է՝ հաշմանդամություն ունեցողների միջազգային օրը հիշեցնում է, որ ներառական հասարակությունը ոչ թե բարեգործություն է, այլ հավասար իրավունքների ու արժանապատվության հիման վրա կառուցվող իրականություն։
«Սա օր է՝ տեսնելու, լսելու և գործելու։ Մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն հնարավորությունները, ինչ բոլորը՝ կրթվելու, աշխատելու, ստեղծագործելու և լիարժեք կյանքով ապրելու համար։ Նրանք պետք է ներառված լինեն պետական կառավարման համակարգում, իշխանության երեք թևերում՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում՝ ըստ իրենց գիտելիքների, ունակությունների և աշխատանքային փորձի»,- հավելել է շարժումը։
«Մեր ձևով»-ը շեշտել է, որ ներառումը նշանակում է ոչ միայն հարմարեցված շենքեր ու ճանապարհներ, այլև՝ վերաբերմունք, մշակույթ և որոշումներ, որոնք հաշվի են առնում յուրաքանչյուր մարդու կարիքները։
«Երբ մենք աշխատանք ենք տալիս, հմտություններ ենք զարգացնում կամ պարզապես հեռացնում ենք խոչընդոտները, մենք օգնում ենք ոչ թե մեկ անձի, այլ ուժեղացնում ենք ամբողջ հասարակությունը։ Այս օրը եկե՛ք ևս մեկ անգամ վերահաստատենք մեր պատրաստակամությունը՝ կառուցելու հասարակություն, որտեղ որևէ մեկը դուրս չի մնում, և որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները սահմանափակված չեն միջավայրով կամ կարծրատիպերով»,- կարևորել է շարժումը։
Շարժման ուղերձն է՝ վերոգրյալ սկզբունքներով պետք է առաջնորդվել ոչ թե տարին մեկ օր, այլ տարվա բոլոր օրերին։
«Միասին կարող ենք ստեղծել արժանապատիվ, անկախ և լիարժեք կյանք ապահովող պայմաններ բոլորի համար։ Հաշմանդամություն ունեցող անձինք մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում։ Մեր նպատակն է օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց և մեր յուրաքանչյուր նախաձեռնության մեջ նրանց համար ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի նրանք կարողանան աշխատել և արժանապատիվ կյանք ունենալ։ Սա մեզ համար պատիվ է»,- եզրափակել են ուղերձում։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Շարժումն օգոստոսի 4-ին առաջարկել էր Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ իրականացնել․ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում: «Մեր ձևով»-ն առաջարկել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա։ Առաջարկել են նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ շեշտը դնելով Սևանում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին։
Կարդացեք նաև՝
