Կապանի օդանավակայանի ինքնաթիռի տեխզննության ընթացքում կփորձենք մեկ այլ ինքնաթիռ ներգրավել․ Փաշինյան

Կապանի օդանավակայանի օդանավը տեխնիկական զննության մեջ է, և մինչև ավարտը կաշխատենք այլ օդանավ ներգրավել թռիչքները շարունակելու համար, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնել է, որ մի շարք քաղաքներում նույնպես պատրաստվում են ուսումնասիրել թռիչքների հնարավորությունը։

«Ընդհանրապես փոքր ավիացիայի զարգացումը մեր ծրագրերի մեջ մտնում է, և մենք ուսումնասիրում ենք Շինուհայրում, Սիսիանում, Ստեփանավանում, Գավառում, Բերդ խոշորացված համայնքում օդանավակայաններ կան, և մենք նայում ենք, թե ինչ հնարավորություններ կարող են այդտեղ լինել, և անպայման այդ ուղղությամբ աշխատանքներ կանենք և իրականացվում են, այսինքն՝ ուսումնասիրության փուլում են։ Իմիջիայլոց փորձ ենք անում նաև մասնավոր ներդրողներին ներգրավել, բայց ես համոզված եմ, որ այդ ուղղությամբ աշխատանք պետք է իրականացնել»,- շեշտել է նա։

Վարչապետը նշել է, որ Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չէ, որովհետև Սյունիքի զբոսաշրջային հոսքերի արգելակումը ոչ թե որևէ ենթակառուցվածքի բացակայությունն է, այլ այն, որ դեսպանատները ամիսը երեք անգամ հայտարարում են՝ հանկարծ չգնաք Սյունիք։

«Այսինքն, մենք հիմա խաղաղությամբ այնպիսի ներդրում ենք արել Սյունիքում զբոսաշրջային ոլորտում, որով 20 ճոպանուղի կառուցելու հնարավորություն ենք տվել, և ավելի մեծ ներդրում ընդհանրապես հնարավոր չի պատկերացնել։ Էլ չեմ ասում, որ ինչպես ինքներդ նշեցիք, տասնյակ միլիոնավոր դոլարների, միլիարդավոր դրամների ներդրումներ ենք արել ճանապարհների վերականգնման հարցում, այդ թվում՝ զբոսաշրջային ուղղությունների զարգացման. բերդեր են պեղվում, նորոգվում, պատմամշակութային հուշարձաններ են նորոգվում և այլն»,- նշել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի»-խմբ.) նախագիծը իր հերթին բերելու է և՛ տնտեսական, և՛ զբոսաշրջային հոսքեր, և՛ ներդրումներ:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment