Թուրք-ադրբեջանական դեսանտ՝ ընդդեմ Հունաստանի և Իսրայելի




1in.am  Թուրքիայում մեկնարկել են «Արևելյան Միջերկրական- 2025» զորավարժությունները: Ներգրավված են ռազմածովային, ռազմաօդային ուժեր, հատուկ նշանակության զորքեր: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Զորավարժություններն անցկացվում են «ահաբեկչության դեմ պայքարի» անվան ներքո: Փաստացի Թուրքիան ուժ է ցուցադրում Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որտեղ լրջագույն խնդիրներ ունի Իսրայելի հետ:


 


Թուրքական մամուլը վերջին շրջանում շարունակաբար պնդում է, որ Իսրայելը Հունաստանի և Կիպրոսի հետ եռյակ ռազմական միություն է կազմում և նպատակ ունի իշխող դիրք զբաղեցնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Թուրք-իսրայելական լարվածությունը ոչ միայն չի հաղթահարվում, այլև ավելի է խորանում: Անցյալ շաբաթ իսրայելական բանակը Սիրիայի տարածքում ջիհադական խմբավորումներից մեկի դեմ պատժիչ գործողություն է իրականացնել: Դա տեղի է ունեցել Սիրիայի հարավային շրջանում, որտեղ Թուրքիան ռազմահենակայան տեղաբաշխելու նպատակ ունի:


 


Վերջերս լարվածություն է առաջացել նաև Թուրքիայի և Հունաստանի միջև: Հունաստանը հայտարարել է Էգեյան ծովի կղզիներում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ տեղակայելու և արդիականացնելու ծրագրի մասին: Հայտնի է դարձել, որ սպառազինությունների առքուվաճառքի պայմանագիրն արժե երեքուկես միլիարդ դոլար, այն կնքվել է Հունաստանի և Իսրայելի միջև: Թուրքիան շարունակում է պնդել, որ Էգեյան ծովի կղզիների «վերջնական կարգավիճակը որոշված չէ»:


 


Միջերկրականի արևելյան հատվածում զորավարժություններն ընթանում են հատուկ նշանակության զորքերի ափհանման և ահաբեկչության սպառնալիքները չեզոքացնելու սցենարով: Ակնհայտ է, որ կանխածրագիրն առաջին հերթին վերաբերում է Հունաստանին, որի հետ Թուրքիան փաստացի տարածքային վեճի մեջ է:


 


Այդ զորավարժություններին մասնակցել է Ադրբեջանի ԶՈՒ ծովային դեսանտի մի ստորաբաժանում, ինչպես նաև Պակիստանի ռազմաօդային ուժերի հետախուզական նավ: Ռազմա-աշխարհաքաղաքական իմաստով Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի զորավարժությունները ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի, այլև Իսրայելի դեմ են: Այս համատեքստում դրանց Ադրբեջանի մասնակցությունը խիստ արտառոց է: Մյուս կողմից Ադրբեջանը, հավանաբար, սեփական ռազմա-ծովային ուժերի կարողունակությունը ստուգելու և կատարելագործելու խնդիր է լուծում, որպեսզի Կասպից ավազանում «մրցունակ լինի»:


Leave a Comment