Արտադրողականության խթանման մեր ծրագրերով արդեն 1,5 միլիարդ դոլարի աջակցության ծրագիր ենք իրականացրել. Պապոյան


Երկարաժամկետ զարգացման նպատակով կարծում եմ, որ մենք մի շատ կարևոր քաղաքականություն ենք որդեգրել, որպեսզի տնտեսական աճը լինի կայուն: Այսօր էլ հանրապետության վարչապետը ելույթում նշեց մեր նպատակների մասին՝ մոտավորապես 6-7 տոկոսանոց կայուն տնտեսական աճ ունենալու վերաբերյալ: Այդ մասին ԱԺ-ում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:


«Մենք արդեն իսկ քաղաքականությունները սկսել ենք. դրանք առաջին հերթին ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի վրա ներդրումներն են: Մասնավորապես` ենթակառուցվածքային ներդրումների մասին շատ է խոսվում. ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, բժշկական կենտրոնների, ջրամբարների և այլ ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտների վրա շեշտադրում կատարելուն զուգահեռ մենք մարդկային կապիտալի և տեխնոլոգիաների վրա ենք մեծ ուշադրություն դարձնում: Կրթության և առողջապահության վրա, նույնպես գիտեք` ինչքան մեծ  ուշադրություն ենք դարձրել, մասնավորապես, առողջության համընդհանուր ապահովագրությունը, բայց նաև տեխնոլոգիական մասով նշեմ` արտադրողականության խթանման մեր ծրագրերով արդեն 1,5 միլիարդ դոլարի աջակցության ծրագիր ենք իրականացրել: Շահառուներ են տասնյակ հազարավոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, այս ծրագրի միջոցով պետք է նշել, որ տեղի է ունեցել արտադրողականության ավելի քան կրկնապատկում: Եթե 6-7 տարի առաջ մեր երկրում արտադրողականությունը մոտավորապես նույնիսկ չէր էլ հասնում 5 դոլարի, ապա այսօր արդեն 11 դոլարի շրջակայքում է` նախնական հաշվարկներով` 2025 թվականի արդյունքներով, և մեզ համար թիրախային է 2026-ի արդյունքներով 12 դոլարի շեմը գերազանցելը»,- նշեց Պապոյանը:

Leave a Comment