«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանը
– Պարո՛ն Նահապետյան, ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը:
– Թունավոր:
– Ինչո՞ւ:
– Ինչ-որ լճացում կա, որը փաթեթավորվում է բուռն ու հաճախ անիմաստ իրադարձությունների կծիկի մեջ, ներքաղաքական կյանքի մասով եմ ասում, որովհետև արտաքին քաղաքական կյանքում լճացում չկա: Այդ ամենը մարդկանց մեջ անընդհատ կուտակում է ինչ-որ ապատիա, թույն, բողոք, չարություն, ագրեսիա, որը քաղաքական հարթություն բերելու, դրանք քաղաքական լուծումների վերածելու միտք ու կամք ես չեմ տեսնում դաշտում:
– Հասարակությունն այդ ամենին ինչպե՞ս է արձագանքում:
– Ապատիայով, անտարբերությամբ հիմնականում, եթե չհաշենք այն մարդկանց, որոնք քաղաքականապես ակտիվ են, համակրանքներ ունեն, ինչ-որ մարդկանց հետ հույս են կապում:
– Պարո՛ն Նահապետյան, իսկ այս իրավիճակում երկրի զարգացումն ի՞նչ ուղղությամբ կընթանա:
– Եթե մեծ փոփոխություններ անելու ուղղությամբ որևէ միտք չծագի, ապա 2026-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը հաղթելու է ու շարունակելու է իր սիրած կառավարման ոճը, այսինքն՝ ինտրիգները, թշնամանքն ու ատելությունը խորացնելը, որովհետև այդ մարդու բնական վիճակը, որ ինքն ապրի ու աշխատի, քաոսն է, նա դրանից է սնվում, հետևաբար պետք է ստեղծի քաոս, որպեսզի կարողանա իրեն հանգիստ զգալ:
– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ չկա այդ այլընտրանքային միտքը, չկա դա ստեղծելու ներո՞ւժ, թե՞ ցանկություն:
– Բարդ հարց է իրականում. նախ միտքը հենց այնպես օդից չի ընկնում, սխալներից հետևություններ անելով ու մեթոդներ փոխելով է միտքն առաջանում: Խնդիրն այն է, որ մենք՝ որպես հասարակություն, սխալներից հետևություններ անել չենք կարողանում, իսկ լավագույն դեպքում անում ենք այն տրամաբանությամբ՝ որ բախտ չունենք։ Մեր քաղաքական էլիտաների չի հաջողվում համակարգային օրինաչափություններ տեսնել, հետևաբար առաջարկվող լուծումները որպես այդպիսին հանգում են նրան, որ մեզանից առաջ եղածներն ուղղակի վատ մարդիկ էին, իսկ մենք սուպերմեն ենք, հիմա կգանք, ու ամեն ինչ լրիվ ուրիշ ձևով կլինի, բայց մեթոդաբանական տեսանկյունից ոչ մի բան չի փոխվում գործելակերպի մեջ, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է նույն արդյունքներին, ինչ եղել է:
Եթե նկատվեն այն սխալները, որոնք առաջացել են աշխատելիս, նաև հնարավոր է խոսակցություն ծագի՝ բա ի՞նչը փոխենք, իսկ այդ պարագայում կարող է պարզվել, որ կան լուծումներ, կարող է քաղաքական էլիտաների մեծ մասը պարզի, որ ինքը չէ այն մարդը, որ պետք է այդ ծանր գործն անի: Բայց նման բաներ հասկանալու քաջություն, ողջախոհություն ես դեռ չեմ տեսնում:
– Անտարբերություն կա՞ Եկեղեցու շուրջ կատարվողի նկատմամբ, թե՞ ոչ:
– Քաղաքականապես ակտիվ շերտն անտարբեր չէ Եկեղեցու հետ կապված իրադարձությունների նկատմամբ, որովհետև բոլորն են հասկանում, որ խնդիրն իրականում քաղաքական է: Հոգևոր համայնքի մի հատվածը զուտ էմոցիոնալ արձագանք ունի, որ կատարվողը լավ բան չէ, բայց այստեղ էլ գործելու կամք չեմ տեսնում, միակ մարդը, որը Եկեղեցու հետ կապված պլան ունի, Նիկոլ Փաշինյանն է, մնացածն ինչ-որ կերպ արձագանքում են նրա ծրագրերին:
– Այդ կամքի բացակայությունն ինչո՞վ եք բացատրում:
– Ինչ-որ նորմալություն է գոյություն ունեցել՝ իներցիա, որը երկար ժամանակ աշխատել է, հիմա ինչ-որ մեկը եկել ու այդ նորմալությունը խախտում է: Պահել մեզ սովոր գործելակերպերը, մեթոդները չի ստացվելու, որովհետև այդ մարդը եկել ու շախ է հայտարարել, ավտոմատ ինչ-որ բան պետք է փոխվի: Պետք է մտածել՝ ինչը փոխվի, որ այդ մարդու հարձակումները չաշխատեն, ինչը փոխենք, որ Եկեղեցին չդառնա միայն հարսանիքների ու թաղումների կարգ կատարող կառույց, մտածել, թե Եկեղեցին ի՛նչ դեր պետք է ունենա հասարակական կյանքում, որ բոլորի համար ընդունելի լինի: Այսպիսի ընդգրկուն փոփոխությունների միտք չկա:
– Պարո՛ն Նահապետյան, հավանական համարո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը ի վերջո իրականացնելու է այն նպատակը, որ ունի Եկեղեցու մասով:
– Ամենահավանական տարբերակը դա է ելքերից:
– Ասացիք, որ եթե այսպես շարունակվի, ապա Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում վերընտրվելու է, կարո՞ղ ենք եզրակացնել, որ այս իշխանությունն իրականում ունի հանրային լայն աջակցություն:
– Ես այդ կարծիքին չեմ: Ամբողջ հասարակությունը չէ, որ ուզում կամ որոշում է կայացրել միջամտել գործընթացներին: Նիկոլ Փաշինյանի ռազմավարությունը հենված է հետևյալի վրա. այնպես անել, որ իր ընտրազանգվածը զորքի նման գա քվեարկելու, իսկ իրեն չքվեարկող ընտրազանգվածը մաքսիմալ անտարբեր լինի քաղաքական գործընթացների նկատմամբ, որպեսզի քիչ մասնակցության պայմաններում իր ընտրազանգվածը մեծ տոկոս զբաղեցնի: Նա հիմա այդ ռազմավարությունն է աշխատեցնում: Դաշտում առկա մյուս դերակատարները այս պահին փորձում են ցույց տալ, որ իրենք ավելի լավ մարդ են, ավելի լավ մենեջեր են, քան Նիկոլ Փաշինյանը:
Այս պայմաններում, երբ սուտ խոսելը, անպատասխանատվությունը ու մնացյալ բաները հանրային հարաբերությունների նորմ են դարձել, դժվար է լինելու մարդկանց համոզել, որ դու նույնը չես, ինչ Նիկոլ Փաշինյանն է: Տապալվող ռազմավարություն է ապացուցել, որ դու ավելի լավ մարդ ես, քան Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի ռազմավարությունն է լավ աշխատում, որովհետև ինքը նախ՝ այդ առումով լավ աշխատասեր է, երկրորդ՝ ի տարբերություն փոփոխություն ցանկացող մարդկանց, պատրաստ է այլանդակել ամեն ինչ այնքան, որ մարդիկ զզվեն ամեն ինչից, իսկ իր ընտրազանգվածը արդյունավետ լինի: Փոփոխություն ցանկացող մարդիկ չեն կարող էլ ավելի դեգրադացնել հանրությանը, ինչն անում է Նիկոլ Փաշինյանը, դա նրա ստրատեգիան է, իսկ հանրային հարաբերությունները չդեգրադացնող, բայց արդյունավետ աշխատող առաջարկ չկա այս պահին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am