ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ, որի համար ՀՀ պետական բյուջեից գումարներ կհատկացվի ՔՊ-ի հետ առնչություն ունեցող ընկերությանը։
«Փաստինֆո»-ն բաց աղբյուրներում առկա փաստաթղթերից պարզել է, որ պայմանագրի արժեքը 7 միլիոն 200 հազար դրամ է, որի կնքման ամսաթիվը նշված է սույն թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ կապալառուն «Արտ Օֆ Շին» ՍՊԸ-ն է։
Ուսումնասիրելով այս ՍՊԸ-ի գործունեությունը, ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ այս ընկերությունը կապեր ունի իշխող ուժի հետ։ ՍՊԸ-ի իրական շահառուն Տաթևիկ Տեր-Ղահրամանյանն է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց նրան։ Նշենք, որ այս պահին ընկերությունը տնօրինում է վերջինիս ամուսինը՝ Արթուր Մարտիրոսյանը։
Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ Տաթևիկ Տեր-Ղահրամանյանը 2022 թվականին Չարենցավանի ՏԻՄ ընտրություններում ընդգրկված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում։ 2023 թվականից սկսած վերջինիս ծառայություններից օգտվել են Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը, ՀՀ ՊԵԿ-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, Չարենցավանի համայնքապետարանը և Սպորտի կառավարման կենտրոն ՓԲԸ-ն։