Այդ տարիքում մարդը բավականին գիտելիք է կուտակել, և պետությունը պետք է պայմաններ ստեղծի այդ գիտելիքի իրացման համար,ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի 3. /Նովոստի Արմենիա/․ 63 տարեկանը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից։
«Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուներին, 63 և բարձր տարիքի անձանց աջակցության, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք», – ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, այլ միայն սկսում է։
«Մենք թոշակառուների կամ ավագ սերնդի մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք»,-ընդգծել է նա։
«63 տարեկան մարդու համար մենք պետք է ստեղծենք լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն, որովհետև երբ մարդը տնտեսապես պասիվանում է և մնում է տանը, դա և՛ իր համար է պրոբլեմ, և՛ իր ընտանիքի անդամների», – նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, այդ տարիքում մարդը բավականին գիտելիք է կուտակել, և պետությունը պետք է պայմաններ ստեղծի այդ գիտելիքի իրացման համար: