Այս տարի լրանում է իրանահայ արվեստագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի 100-ամյակը։ Նրա գործի վերարժևորման և կարևոր ցուցահանդեսների մասին է խոսում «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի տնօրեն, արվեստաբան և համադրող Միշել Ալահվերդյանը։
Միշել Ալահվերդյանը նշում է, որ Մարկոս Գրիգորյանին ավելի լավ են ճանաչում Իրանում, քանի որ նա շուրջ 20 տարի ապրել և ստեղծագործել է այնտեղ։ Արվեստագետի մահվանից հետո, ցավոք, շատ ցուցահանդեսներ չեն եղել։ Սակայն, Իրանում նրա 100-ամյակի առիթով, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել հոբելյանական՝ «Մարկոս Գրիգորյան հետահայաց» ցուցահանդեսը, որը համադրել է Միշել Ալահվերդյանը։ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը, ըստ Ալահվերդյանի, ունի Մարկոս Գրիգորյանի ամենամեծ հավաքածուն՝ շուրջ 18 աշխատանք։
Այս տարի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել ցուցահանդես և արվեստագետին նվիրված բանախոսություններ։ «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամն այսօր աշխատում է արվեստագետի պատկերագրքի վրա, որը նախատեսվում է հրատարակել երեք լեզուներով՝ հայերեն, պարսկերեն, անգլերեն։ Իր կյանքի ընթացքում Մարկոս Գրիգորյանը 90-ականներին իր արևելյան արվեստի հավաքածուն և իր ստեղծագործություններից մի շարք գործեր նվիրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։ Սակայն, ցավոք, այդ հավաքածուի պատշաճ պահպանման և ցուցադրման համար տարածքը շատ փոքր էր։ Անցյալ տարի Հանրապետության 32 հասցեում թանգարանին տրամադրվեց նոր տարածք՝ նպատակ ունենալով այնտեղ հիմնել Մարկոս Գրիգորյանի թանգարանը։
Սակայն, ինչպես նշում է Միշել Ալահվերդյանը, թեև շենքն ու տարածքը կարևոր են, սակայն, այն սահմանափակ է, և հնարավոր չէ պատշաճ կերպով ցուցադրել Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունները։ Հիմնադրամի գլխավոր նպատակն է լինել մշակութային կամուրջ Թեհրանի և Երևանի միջև, առաջիկայում Երևանում իրանցի արվեստագետների ու մասնագետների մասնակցությամբ սպասվում է ցուցահանդեսների և դասախոսությունների շարք։ Մարկոս Գրիգորյանի հոբելյանական տարին շարունակվում է։