Ատելությունը մնում է ՔՊ-ի գլխավոր բնութագրիչը։ Եթե 2026-ից հետո մարդիկ փորձեն հիշել, թե ինչով էին աչքի ընկնում նախկին իշխանությունները, ապա առաջինը կհիշեն ՔՊ-ական պաշտոնյաների բացահայտ ատելությունը մարդկանց, ժողովրդի հանդեպ։
«Եթե մի անգամ էլ Երևան գնալիս մարդաբոյ խոտ տեսա միջպետական ճանապարհի եզրին, որը միայն իմ զանգից հետո է մաքրվում, սպասարկող ընկերության պայմանագիրը խզվելու է։ Սա ընդունեք նախազգուշացում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն ու տեսանյութ հրապարակել։
Խուլիգաններն են հրապարակավ ընդհանուր սպառնալիքներ տեղում մարդկանց հասցեին։ Այսպիսի վարքն ընդհանուր բառով կոչվում է հակահասարակական։ Իրեն հարգող մարդն այսպես չի վարվում, այսպես չի խոսում հարության հետ։ Լոռու մարզպետը, հավանաբար, կարծում է, թե մարդիկ իրեն չեն հարգում։ Այդ պատճառով էլ այսպիսի տոնով է խոսում գործընկերների, ենթակաների հետ։ Այստեղ էական չէ, թե կոնկրետ ում է հասցեագրված նրա գրառումը։ Էականը նրա գրառման տոնն է, թե տեսեք՝ Արեն Մկրտչյանը ջղայնանում է, սպառնում է խզել պայմանագիրը, նախազգուշացում է տալիս։
Մարզպետի գրառման մեջ կա նաև համակարգային ճգնաժամի մասին ակնարկ։ Ակամա տպավորություն է ստեղծվում, թե միջին ու մանր պաշտոնյաները և ՏԻՄ մարմինների հետ գործակցողները ձրիակեր, ապապետական, անպատասխանատու սրիկաներ են, մսխում են հարկատուների միջոցներն ու ոչինչ չեն անում։ Ու եթե մարզպետը չտեսնի խնդիրը, տվյալ դեպքում՝ մարդաբոյ խոտը, ապա ոչ ոք դա չի նկատի։ Այսինքն՝ մարզպետից զատ՝ ոչ ոք չի տեսնում մարզին առնչվող խնդիրները։ Տվյալ դեպքում՝ մարդաբոյ խոտը չէին հնձի, եթե մարզպետը չզանգեր։
Հանրության շրջանում գերիշխող վարկածն այն է, որ ՔՊ-ական պաշտոնյաները վախենում են ժողովրդից։ Եվ այդ վախն աղավաղում է նրանց միտքն ու խոսքը։ Նույնիսկ նրանց սովորական առօրյա տեքստերը շաղախվում են ատելությամբ։ Այսինքն՝ նրանք իրականում չեն ատում ժողովրդին, այլ պարզապես վախենում են։ Այդ վախը վարակիչ է։ Բոլոր ՔՊ-ականները, նույնիսկ համակիրները այդ վախով տառապում են։ Տվյալ դեպքում՝ ենթադրվում է, որ մարզպետը վախենում է Լոռու մարզի ժողովրդից ու այդ պատճառով փորձում է վախեցնել մարդկանց, ժողովրդին այսպիսի սպառնալի գրառմամբ։
Մեկ այլ վարկածով էլ ենթադրվում է, թե Նիկոլ Փաշինյանը պարբերաբար նվաստացնում է թիմակիցներին, ՔՊ-ական մեծ ու փոքր պաշտոնյաներին։ Վերջիններս էլ կարծում են, թե իրենք էլ այդպես պետք է վարվեն իրենց ենթակաների ու գործընկերների հետ։ Տվյալ դեպքում՝ ենթադրելի է, որ Փաշինյանն օրեր առաջ նվաստացրել է Լոռու մարզպետին, նրան հանդիմանել է, թե ինչու ակտիվ չի մասնակցում վեհարան ազատելու արշավին, ինչպես նաև հանձնարարել է՝ մի քանի հոգու հետ կիրակի օրը գալ Երևան, Սուրբ Սարգիս եկեղեցի։ Հավանաբար՝ մարզպետն ու իր ուղեկիցները իրենց նվաստացած են զգացել, որ կիրակի, վաղ առավոտյան պիտի չհանգստանան, այլ Երևան գան, կանգնեն Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Եվ այդ չարացածությունն է, հավանաբար, պարպվել մարզը քաղաքին կապող ճանապարհի միջանկյալ հատվածներում մարդաբոյ խոտերի, ավելի ճիշտ՝ դրանք հնձելու պարտավորություն ունեցողի վրա։
Նկատենք՝ Արեն Մկրտչյանը 2025 թվականի սեպտեմբերի 3-ին Կառավարության որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետ։ Մի քանի ամիս է պաշտոնավարում։ Եվ նա, թերևս, դեռևս ինքնահաստատման խնդիր ունի որպես տարածքային ղեկավար, մարզպետ։ Վերոհիշյալ գրառմամբ նա, հավանաբար, փորձում է ցույց տալ, թե գործ է անում, մարզի խնդիրների հանդեպ անտարբեր չէ։ Օրինակ՝ կիրակի առավոտյան Երևան գալու ճանապարհին տեսնում է մարդաբոյ խոտն ու զանգում, հանձնարարում հնձել այն։ Իսկ երկուշաբթի առավոտյան մարզպետարանի համապատասխան աշխատողները նրան են ուղարկում մարդաբոյ խոտը հնձելու մասին տեսանյութը, որը մարզպետը դնում է իր էջում, այդպիսով տպավորություն ստեղծում, թե կարևոր գործ է անում, մարզի խնդիրներով է զբաղված, գործի է դրել մարդկանց, ուղարկել մարդաբոյ խոտը հնձելու։ Սակայն հավելյալ կրկնենք, որ այս սպառնալի գրառումը հիմք է տալիս ենթադրելու, որ նա թույլ ղեկավար է, ունի վախեր, ատելությամբ է լցված, չարացած էփորձում է ուժեղ ղեկավարի պատրանք ստեղծել։ Իսկ իրապես ուժեղ ղեկավարը չէր սպառնա, պարզապես կհանձնարարեր ենթականերին ու գործընկերներին ժամանակին և պարտաճանաչ կատարել ստանձնած պարտավորություններն՝ ի սեր Աստծո, ի սեր հայրենիքի, ի սեր ժողովրդի։
Պատկերավոր ասած՝ շատ թունդ մարդ է Լոռու մարզպետը։ Գուցե այսպիսի մի քանի գրառումներից հետո նա կուժեղանա ու ենթակաների հետ շփվելու, նրանց աշխատանքը կազմակերպելու, համապատասխան հրահանգներ տալու համար կօգտագործի ուղղահայաց գործիքներ, ոչ թե սպառնալիքներ կհրապարակի իր էջում, վիրավորելով ենթակաների ու գործընկերների արժանապատվությունը, պատրանք ստեղծելով, թե իրենից զատ՝ ոչ ոք մարզի խնդիրները չի տեսնում, և առանց Արեն Մկրտչյանի՝ Լոռու մարզը պարզապես կկորչեր մարդաբոյ խոտի մեջ։
Թաթուլ Մկրտչյան