Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր ցուցադրել է քարոզչական նենգափոխումների հերթական «մաստեր-կլասը». քաղաքագետ

3 Դեկտեմբերի, 2025

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր ցուցադրել է քարոզչական նենգափոխումների հերթական «մաստեր-կլասը»:

Փաշինյանը հայտարարել է, թե իր կառավարման յոթնամյա շրջանում պետական պարտքի աճը պայմանավորված է եղել պաշտպանական ծախսերով եւ արցախցիների տեղահանման խնդիրներով:

Հիշեցնեմ, որ պետական պարտքը Փաշինյանի վարչապետության տարիներին աճել է 7 միլիարդ դոլարով, ու շարունակում է աճել: Մի քանի հարյուր միլիոն արտաքին պարտք կկուտակվի այս տարի:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե մինչեւ այդ չէին ասում, թե ինչու է պարտքը աճում, բայց քանի որ հիմա խաղաղություն է՝ ասում են:

Միայն այս հանգամանքը մատնում է մանիպուլյացիան: Այսինքն, Հայաստանն ումի՞ց էր գաղտնի պահում իր պաշտպանական ծախսերը: Պաշտպանական ծախսերը հնարավոր է գաղտնի պահել արտաքին աչքից, եթե դրանք իրականացվում են որեւէ փակ լաբորատորիայի շրջանակում: Սպառազինության գնումները կամ կապիտալ աշխատանքները, որ իրականացվում են բանակում, չեն կարող լինել գաղտնի: Որեւէ երկիր այսօր ունի մյուսի այդպիսի որեւէ ծախսերը մանրակրկիտ զննելու հնարավորություններ, այդ թվում Ադրբեջանը:

Հետեւաբար հարց է առաջանում, ումի՞ց էր գաղտնի պահվում, հայ հանրությունի՞ց: Ինչու՞:

Իրականում, պետական պարտքի վերաբերյալ պարզապես մոգոնվել է քարոզչական հերթական նարատիվը՝ երկրի պաշտպանության համար ենք վերցրել, բա՞ն եք ասում:

Դե իհարկե, «սրբոության սրբոց» պատճառաբանություն է, որին ո՞վ կարող է բան ասել:

Իհարկե այն «սրբության սրբոց» է միայն, ինչպես առիթ եմ ունեցել նշելու՝ հանրության այն սեգմենտի համար, որի համար Նիկոլ Փաշինյանը անվերապահ ճշմարտության ու իմաստնության աղբյուր է, եթե անգամ լռում է: Հիշում եք չէ՞, թե 2018-ին ինչ էր ասում նրա պատգամավորուհիներից մեկը, թե՝ պարոն վարչապետ, ես ձեզ այնքան եմ սիրում ու վստահում, որ կառավարության ծրագրի փոխարեն դատարկ թուղթ էլ բերեիք՝ քվեարկելու էի կողմ:

Գործնականում, այս մտածողության ու հոգեբանության կրողն է այսօր վարչապետ Փաշինյանի կայուն էլեկտորատը: Այդ էլեկտորատի վրա էլ նա աշխատում է:

Leave a Comment