Փաշինյան․ Կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաթեթ չկա

Փաշինյան․ Կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաթեթ չկա

3 դեկտեմբերի 2025 – 16:02 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում՝ 2026 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցություններին և նշելով, որ կառավարությունը հրապարակել է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ունեցել է իր տիրապետության տակ։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չի հրապարակվել Քի Վեսթի փաթեթը, ապա վարչապետն ասել է, որ այն չկա, հայտնում է 1lurer.am-ը:

«Որովհետև չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաթեթ: Քի Վեսթի փաթեթի հենքը այն է, ինչը տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը տվել է «Հայկական ժամանակ» թերթին, և հրապարակվել է: Դա է Քի Վեսթի գաղափարական հիմքը, և էլ չեմ ասում՝ դրա կարիքը չկա էլ»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով, ընդդիմությունն ակտիվորեն պահանջել է հրապարակել բանակցային փաթեթը, և այժմ այդ պահանջը կատարվել է։

«Երբ ընդդիմությունը խոսում է բանակցային գործընթացի մասին՝ այսպես պետք է լիներ, այնպես պետք է լիներ, հարգելինե՛րս, իրենք 30 և ավելի տարի իշխանություն էին, բա որ շանսեր կային, ինչի՛ չեք լուծել: Եկեք անդրադառնանք այս հարցին: Այսինքն՝ եղել է լուծման, ինչպես իրենք են ասում՝ հայամետ լուծման շանս, դուք չե՞ք արել, բա ինչի եք մեզ դավաճան ասում: Ուրեմն դուք եք, ձեզանից մեծ դավաճան չկա՝ տարբերակ Ա, և տարբերակ Բ՝ այդ ամենն ընդամենը աչքակապոցի էր»,- հայտարարել է վարչապետը։

Նա նաև նշել է, որ 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դիմել է՝ խնդրելով հստակեցնել, թե որն է մինչ այդ ընթացած բանակցային գործընթացի ամփոփ պատկերը։ Այդ հարցման արդյունքում ստացվել է 2019 թվականի հունիսի փաստաթուղթը։

«Ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել: Այդ փաստաթուղթը սկսվում է՝ «Մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս»: Ես երեկ մի քննարկմանն արձանագրեցի, որ այդ նրբությանը չեմ անդրադարձել: Այդ 2019-ի փաստաթուղթը ոնց է հայտնվել: 2019-ի այդ փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ՝ երբ ես 2018-ին վարչապետ եմ դարձել, խնդիր եմ դրել համանախագահների առաջ, ասել եմ՝ լիքը թղթեր կան, ես չեմ հասկանում՝ այս թղթերից ո՛րն է այս պահին մեկնարկային կետը բանակցային գործընթացի՝ նախորդող շրջանի սեղմագիրը: 2019 թվականի հունիսի թուղթը դա է, երբ ասել եմ՝ ինձ ասեք՝ որն է սեղմագիրը նախորդող շրջանի: Համանախագահողները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր: Եվ այդ համատեքստում է, որ հարց եմ տվել, ասել եմ՝ լավ, ես կարդում եմ, հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը՝ այս փաթեթներով Ղարաբաղը կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում՝ որևէ մեխանիզմով, և հնչել է շատ հստակ պատասխան՝ այո՛, եթե Ադրբեջանը համաձայնի: Էլ չեմ ասում՝ այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի՝ այս ամբիոնից ունեցած ելույթն էր: Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում բանակցային գործընթացի»,- հայտնել է վարչապետը։

Անդրադառնալով նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ բանավիճելու հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ այսօր այլևս այդ կարիքը չի տեսնում։

«Հրավիրեմ էլ՝ ի՛նչ խոսեմ, էլ բանավիճելու բան չկա: Թող կարդան, պատմեն, ի՛նչ պիտի պատմեն, պատմելու բան էլ չկա»,– եզրափակել է Փաշինյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի վերաբերյալ մեղադրանքներին՝ ընդգծելով, որ երբ ասում են, որ մենք հանձնել են Արցախը, նշանակում է անարգել թափված արյունը, հայտնում է Auroranews.am-ը։

Ինչ վերաբերում է Քի Վեսթի փաստաթղթին՝ Ռուբինյանն ասել է, թե դրա բացակայությունը Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան սիրո եռանկյունու հարց է։

«Այդ հարցերը մեզ չեն ուղղված, մենք 2018-ին եկել ենք, ինչ փաստաթուղթ համանախագահների կողմից փոխանցված է եղել, հրապարակել ենք, Քի Վեսթինը չի եղել»,– նշել է նա։

Ռուբինյանը հավելել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը հերքում է Քի Վեսթի փաթեթում Մեղրին հանձնելու դրույթը, ապա դա ներքին հարց է իր և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև։

«Թող գցեն-բռնեն, թե իրենցից ով է սուտ խոսում, մանավանդ, հիմա իրար հետ մեղրամիս են ապրում, թող տաքուկ-տաքուկ նստեն ճրագի դիմաց ու քննարկեն, թե ով է խաբում»,– հայտնել է ԱԺ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ այս հարցում ինքը հակված է վստահել ՀՀ առաջին նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը, ըստ նրա, տրամադրել է տվյալ փաստաթուղթը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նոնսենս է համարում «Հայկական ժամանակի»` երբևէ բանակցային փաստաթուղթ չեղած հոդվածը Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակելը։

«Քի Վեսթի փաստաթուղթն ուղղակի բացակայում է ցանկից։ Հանրության ուշադրությունը կուզենամ հրավիրել 2019 թվականի այն առաջարկին, որից ինքը հրաժարվել է, ու որը բերել է այս արհավիրքին։ Բայց որ փաստաթղթի փոխարեն հրապարակվում է «Հայկական ժամանակի» հոդվածը, որը նույն լրատվականն առնվազն 2 անգամ տպագրել է, նոնսենս է։ Մի օր էլ էս տրամաբանությամբ կարող է Էրդողանի գրքից հատվածներ հրապարակել, դա կոչել փաստաթուղթ ու փաթաթել մեր պետության վզին»,– նշել է Բագրատ Միկոյանը։

Leave a Comment