«Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում հոսանքի գինը նվազեցնելու պահանջով

«Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում հոսանքի գինը նվազեցնելու պահանջով

3 դեկտեմբերի 2025 – 14:27 AMT

PanARMENIAN.Net«Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում` պահանջելով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է շարժման փաստաբանական խմբի անդամ Գոհար Մելոյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Դեռևս մայիսն ՀԷՑ-ի սեփականատերերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում, առ այն, որ իրենց արդյունավետ աշխատանքի ընթացքում կուտակված մոտ 3մլդ դրամի հաշվին իջեցվի բանակչության համար հոսանքի սակագինը։ Այս դիմումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հնարավոր է՝ հետագա ամիսների ընթացքում այս կուտակված գումարը նվազի։ Ինչպես սեփականատերերը ճշգրտորեն հաշվարկել էին, երկրորդ կիսամյակում այս գումարը ոչ միայն կրկնապատկվել է, այլ նաև գերազանցել էր կրկնապատիկը։ Այս պահի դրությամբ 6 մլդ դրամից ավելի կուտակված գումար է առկա։

Եթե կհիշեք, հոկտեմբերի 30-ին «Տաշիր» կապիտալի կողմից կրկին մուքագրվեց ՀԾԿՀ դիմում՝ հոսանքի սակագինն իջեցնելու պահանջով։ Այդ ժամանակ ես և գործընկերս ներկա էինք և ազդարարեցինք, որ հանրային վերահսկողություն ենք մեկնարկում այս պետական մարմնի նկատմամբ, որպեսզի հոսանքի գնի իջեցումը, որը հիմնավորված և արդարացի պահանջ է, տեղի ունենա»,– մանրամասնել է Մելոյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ դիմումին որևէ արձագանք չի տվել։

«Հետևաբար, մենք՝ ի դեմս «Մեր ձևով» շարժման, մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք՝ հանրագրի տեսքով։ Հանրագիրը դա 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձեռք բերված հանրային վերահսկողության, հանրային հաշվետվողականության ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչող մեխանիզմ է»,-ասել է Մելոսյանը։

Մելոյանը հավելել է, որ հանրագիրը Սահմանադրության ամենաուժեղ ժողովրդավարական գործիքներից մեկն է, որի շնորհիվ քաղաքացիներն իրավասու են պետական մարմիններից պահանջել իրենց առնչվող հիմնավորված լուծումներ։

Հոկտեմբերի 30–ին «Տաշիր կապիտալը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից 2–րդ անգամ դիմում էր ներկայացրել սակագնի իջեցման համար։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիսին, ՀԾԿՀ–ն մերժել էր։ ՀԾԿՀ–ն պատասխանել է, որ ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկն ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։

Leave a Comment