3 դեկտեմբերի 2025 – 14:34 AMT
PanARMENIAN.Net – Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում ներկայացրել է 2026 թվականի պետական բյուջեի վերանայված տարբերակը՝ նշելով, որ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 52.9 տոկոս՝ նախնական 53.5 տոկոսի փոխարեն։
Նրա խոսքով՝ վերանայման արդյունքում պետական բյուջեի եկամուտները կրճատվել են 0.2 միլիարդ դրամով, ինչպես նաև նվազել են ստացվող պաշտոնական դրամաշնորհները, հայտնում է Panorama.am-ը։
Բյուջեի ծախսերն ընդհանուր առմամբ նվազել են 0.9 միլիարդ դրամով, ինչը պայմանավորված է փոխարժեքի վերագնահատման ազդեցությամբ։
«Էկոնոմիկայի նախարարության գծով բյուջեից հատկացումներն ավելացել են 38.5 մլն դրամով, Արդարադատության նախարարության գծով՝ 1 մլրդ 247 մլն դրամ, Վարչապետի աշխատակազմի մասով ավելացել են 157.3 մլն դրամով»,– ասել է Վահե Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ բարձրացվել են նաև Բարձրագույն դատական խորհրդին ու Շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված հատկացումները։
Նախարարը հավելել է, որ Ֆինանսների նախարարությանը տրամադրվող գումարը, ի տարբերություն նշված գերատեսչությունների, նվազեցվել է 3.3 միլիարդ դրամով։
Հովհաննիսյանն Ազգային ժողովում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, «այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելու և զարգանալու անչափելի ազատություն և հրաշալի հնարավորություններ»: