FlyOne Armenia ավիաընկերությունը 2026 թվականի ապրիլի 3-ից չվերթեր կիրականացնի Երևան-Վիեննա-Երևան երթուղով, հայտարարել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Ըստ հաղորդագրության՝ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են վաճառքի համար ավիաընկերության կայքում՝ flyone.am։
Հոկտեմբերի 28-ից FlyOne Armenia-ն կանոնավոր թռիչքներ է իրականացնում Երևան-Կրասնոդար-Երևան երթուղով, իսկ 2026 թվականի մայիսի 25-ին կսկսի չվերթեր իրականացնել նաև Երևան-Բաթումի-Երևան երթուղով։
FlyOne Armenia-ն, որը հիմնադրվել է 2021 թվականին, չվերթեր է իրականացնում ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 20 ուղղությամբ։
Հոկտեմբերին Wizz Air ավիաընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Վիեննա թռիչքները և առաջարկում նոր ուղղություններ՝ բազավորվելով Հայաստանում։
