Արագածոտնի թեմի քահանայի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է արձանագրվել. փաստաբան

3 Դեկտեմբերի, 2025

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն արձանագրել է Արագածոտնի թեմի քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում:

Այս մասին հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։

Դատարանն արձանագրել է, որ «(…) ներկայացված բողոքը որոշման մեջ նշված պատճառաբանություններով հիմնավոր է, քննիչի միջնորդությամբ բնակարանի անձեռնմխելիությունը սահմանափակելու իրավաչափությունն ու համաչափությունը բավարար չափով պատճառաբանված չէ, ուստի ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից չի կարող համարվել արդարացված»: Խուզարկությունը փաստացի կատարված լինելու հիմքով դատական ակտը չի բեկանվել, սակայն արձանագրվել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է:

Հատուկ վերանայման բողոքը բերել է փաստաբան Մարինա Սիմոնյանը:

Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կազմում պաշտոնավարող միայն պրոֆեսիոնալ և խիզախ Դատավորներն են այս տեսակ արդարացի որոշումներ կայացնում, քանի որ արդեն իսկ մի քանի դատավորներից, նույն հիմքով և փաստարկներով բերված հատուկ վերանայման բողոքների մերժումներ ենք ստացել այլ քահանաների մասով (նրանց անունները վարույթ ընդունելու որոշման տակ կարդալը բավարար է, որ հասկանաս՝ արդարադատություն սպասել պետք չէ): Ի դեպ, բոլոր քահանաների մասով և՛ միջնորդությունն էր նույնը, և՛ կից նյութերը: Հետևությունները թողնում եմ ձեզ:

Ավելի վաղ փաստաբան  Ֆանյանը գրել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն արձանագրել է Արագածոտնի թեմի գանձապահի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը, թեև խուզարկությունը փաստացի կատարված լինելու ուժով ստորադաս դատարանի դատական ակտը չի բեկանել:

Leave a Comment