Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին շարունակել է քննարկել «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի սկզբում ՀՀ վարչապետը նախ գնահատել է բյուջետային քննարկումները եւ արձանագրել, որ այս գումարման խորհրդարանի հետ աշխատանքը, ընդհանուր առմամբ, լավ է գնահատում եւ գոհ է Կառավարության աշխատանքից: Նիկոլ Փաշինյանի խոսքով բյուջետային տարին դեռեւս չի ավարտվել, բայց վստահ կանխատեսումներ կան 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով: Գործադիրի ղեկավարը նշել է, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 133 տոկոսով: Այս տարվա բյուջեի հավելյալ՝ ավելացած մասը 2017 թվականի համեմատ ավելին է, քան 2017 թվականի ընդհանուր բյուջեն:
«2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք, որ կապահովենք միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ: Այս խոստումը լիուլի կատարված է: Վստահ ենք, որ 5 տարիների արդյունքում նվազագույնը 7.5-7.6 տոկոս տնտեսական աճ կապահովենք, իրատեսորեն ավելի բարձր աճ կապահովվի միջին տարեկանում»,- ընդգծել է վարչապետը:
2021-2024 թվականների ՀՀ համախառն ներքին արդյունքն աճել է 36.6 տոկոսով, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, շատ լավ ցուցանիշ է:

