Պետական հողերի օտարումը կանցնի էլեկտրոնային աճուրդներով

Պետական հողերի օտարումը կանցնի էլեկտրոնային աճուրդներով

3 դեկտեմբերի 2025 – 13:13 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ–ում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախատեսվում է պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարման պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերի աճուրդով վաճառելու մեկնարկային գինը, ինչպես նաև աճուրդի էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման և անցկացման վերաբերյալ դրույթները:Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն ՍիմոնյանըԱԺ հերթական նիստում, հայտնում է Auroranews.am-ը։

Ըստ առաջարկվող փոփոխությունների և լրացումների՝ էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա հողերի էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները կսահմանի կառավարությունը:

Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպաստի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Նշվել է, որ էլեկտրոնային աճուրդները թույլ կտան օնլայն հարթակում անցկացնել ամբողջ գործընթացը՝ առանց ֆիզիկապես ներկայանալու: Այն կնվազեցնի լրացուցիչ ծախսերն ու վարչարարությունը:

«Գնահատման գործունեության մասին» օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով օտարումների պարագայում պարտադիր կիրառել գնահատման գործընթաց՝ գնահատման կազմակերպության միջոցով:

Leave a Comment