Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության կայքում հրապարակեց Արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ նախկին նախագաներին կոչ անելով բանավիճել իր հետ: Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ արդյո՞ք հրապարակված փաստաթղթերը ամբողջական էին և լիովին ներկայացնում էին բանակցային գործընթացը.
«Մեծ հաշվով այդ բանակցային փաստաթղթերի մի մասը իրականում ամբողջությամբ հրապարակային էին, օրինակ 1997-ի փուլային ու փաթեթային տարբերակները, ընդհանուր պետությունը, Քի Վեսթը, Մադրիդյան սկզբունքները, Կազանի փաստաթուղթը, դրանք մեծ հաշվով գաղտնազերծված փաստաթղթեր էին: Խնդիրը այս իշխանության ղեկվարի համար իշխանության գալու առաջին օրվանից մինչև այսօր ինքը չի հասկացել, թե ինչ բան է ղարաբաղյան կարգավորումը, և ինքը չհասկացավ, թե որ լուծումների դեպքում մենք ինչ արդյունքի կարող ենք հասնել: Դրա համար երբ իրեն ասում են հրապարակիր խաղաղության պլանները և դրանց մեր պատասխանները, ինքը այս ամբողջության մեջ պետք է հասկանար, թե ինչի մասին է խոսքը: Երբ Տեր-Պետրոսյանն ասում է, որ պետք է հրապարակել պլանները և դրանց պատասխանները, սա մեծ հաշվով մի բան է նշանակում. Հրապարակիր 2019 թվականի առաջարկը և քո պատասխանը»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հրապարակված փաստաթղթերը ամբողջական չէին.
«Օրինակ՝ թեև բանակցվել է Մեղրու տարբերակը, սակայն տարածքների փոփոխության թղթային ձևակերպված առաջարկ կողմերին չի եղել: Այդ բանակցությունների արդյունքում կողմերը ի վերջո եկել հասել են ՔԻ Վեսթի առաջարկին, որը չկա այս հրապարակված փաստաթղթերի մեջ, և շատ տարօրինակ է, որ չկա: Չկա նաև ընդհանուր պետության առաջարկը: Եկեք արձանագրենք, որ հրապարակված փաստաթղթերը բոլոր առաջարկները չեն, եթե խոսում ենք եղած պաշտոնական առաջարկներից:
Եթե նկատի ունենանք կարգավորման փաստաթղթերը, ապա այստեղ այնքան շատ պակաս-պրատ բաներ կան. Լիսաբոնի փաստաթղթերը չկան, Պրահյան գործընթացը չկա, 1994 թվականի հրադադարի փաստաթուղթը չկա, բայց դրանց կարող ենք վերապահումով մոտենալ, որ կարող են այդ պահանջի շրջանակներում չդնել, բայց որպեսզի մենք ամբողջական պատկեր հասկանայինք, ապա անհրաժեշտ էր, որ բոլոր այս առաջարկների հետ նաև դնել հակական կողմի արձագանքները: Այնպես որ ես կարծում եմ, որ հրապարակված փաստաթղթերը չեն արտացոլում կարգավորման ողջ գործընթացը և թերի են մեր առաջարկած կոնտեքստի իմաստով, որովհետև բացակայում են հայկական կողմի դիրքորոշումները»,- ասաց Խաչատրյանը: