Կարգալույծ է հռչակվել Տեր Թադե քահանա Թախմազյանը

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանը։

Նշվում է, որ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Թադե քահանան՝

ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,
բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,
գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,

դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։

«Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ս․թ․ հեկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել Տեր Արամ քահանա Ասատրյանը։

Leave a Comment