Առանց տարածքների թեմայի Մոսկվան չի տեսնում ճգնաժամի կարգավորումը․ Ուշակով


Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն օգտակար և կառուցողական է որակել Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները:


«Քննարկեցինք ավելի վաղ Մոսկվային փոխանցված փաստաթղթերի բովանդակությունը: Կոնկրետ ձևակերպումներ չենք դիտարկել, անդրադարձել ենք առաջարկների էությանը: Նախագահ Պուտինը որոշ կետեր քննադատել է, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը»,- մանրամասնել է Ուշակովը:


Նրա խոսքով՝ քննարկվել է տարածքների թեման, առանց որոնց Մոսկվան չի տեսնում ճգնաժամի կարգավորումը:


«Տարածքների հարցով փոխզիջումային տարբերակ դեռ չկա: Այնուամենայնիվ, ամերիկյան առաջարկներից մի քանիսը, կարծես, ընդունելի են թվում: Բայց դրանք պետք է քննարկվեն: Որոշ ձևակերպումներ անընդունելի են»,- շեշտել է Ուշակովը:


Անդրադարձ է եղել նաև Ռուսաստան-ԱՄՆ տնտեսական գործակցության հեռանկարին:


«Մեր ամերիկացի գործընկերները Դոնալդ Թրամփին կփոխանցեն Վլադիմիր Պուտինի ողջույնները և մի շարք կարևոր քաղաքական ազդանշաններ»,- շեշտել է ՌԴ նախագահի օգնականը:


Մամուլի ասուլիսում լրագրողները հարց են հղել Ուշակովին՝ արդյոք Պուտինը և Սպիտակ տան ներկայացուցիչները քննարկել են Եվրոպայի դիրքորոշումը: ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մոսկվան ապակառուցողական է համարում եվրոպական կողմի գործողությունները:

Դիտումների քանակ1

Leave a Comment