Քոչարյանի գրասենյակ. Նոնսենս է «ՀԺ»–ի հոդվածը Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակելը

Քոչարյանի գրասենյակ. Նոնսենս է «ՀԺ»–ի հոդվածը Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակելը

3 դեկտեմբերի 2025 – 10:47 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նոնսենս է համարում «Հայկական ժամանակի»` երբևէ բանակցային փաստաթուղթ չեղած հոդվածը Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակելը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 2–ին հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։ Կառավարության հրապարակած փաստաթղթերում բացակայում է 2001թ. ապրիլին Քի Վեսթում քննարկված փաստաթուղթը (այդ ժամանակ նախագահը Քոչարյանն էր. խմբ), ըստ որի` Լեռնային Ղարաբաղն անցնում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանում էր Մեղրիի մարզով տրանսպորտային միջանցքի ինքնիշխան իրավունք։ Սակայն հետագայում Բաքուն մերժեց այդ տարբերակը։

Միկոյանի գնահատմամբ՝ վերջին փաստաթուղթը, այն է` 2019–ին ներկայացված միջնորդների առաջարկությունների փաթեթը, ամբողջությամբ բացահայտում է պատկերը` վարչապետը հրաժարվել է հայկական կողմի համար շահավետ փաստաթղթից, և դա, ի վերջո, աղետի հանգեցրեց։ Առաջարկները ներառում էին հայկական կողմի համար համեմատաբար բարենպաստ այնպիսի լուծումներ, ինչպիսիք են Քարվաճառի և Լաչինի նկատմամբ վերահսկողության պահպանումը մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման վերաբերյալ հանրաքվեի անցկացում, Հայաստանին Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի կարգավիճակի ամրագրումը, Բաքվին փոխանցվող 5 շրջաններում ադրբեջանական զինված ուժերի տեղակայման անթույլատրելիությունը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք էր ստանում հանրաքվեի միջոցով, որի արդյունքները կճանաչվեին միջազգային հանրության կողմից։

«Քի Վեսթի փաստաթուղթն ուղղակի բացակայում է ցանկից։ Հանրության ուշադրությունը կուզենամ հրավիրել 2019 թվականի այն առաջարկին, որից ինքը հրաժարվել է, ու որը բերել է այս արհավիրքին։ Բայց որ փաստաթղթի փոխարեն հրապարակվում է «Հայկական ժամանակի» հոդվածը, որը նույն լրատվականն առնվազն 2 անգամ տպագրել է, նոնսենս է։ Մի օր էլ էս տրամաբանությամբ կարող է Էրդողանի գրքից հատվածներ հրապարակել, դա կոչել փաստաթուղթ ու փաթաթել մեր պետության վզին»,– նշել է Բագրատ Միկոյանը։

Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ հրապարակելու փաստաթղթերն այն պահից սկսած, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես լուծարվի։ Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն ավարտել է այդ գործընթացը։

Կառավարության ղեկավարի ընդդիմադիրները նախկինում կոչ են արել հրապարակել բանակցային փաստաթղթերը՝ վստահեցնելով, որ դրանցում որևէ դրույթ չի եղել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։ Փոխարենը՝ վարչապետ Փաշինյանը պնդել է, թե կարգավորման բոլոր տարբերակները հենց այդ միտքը են ներառել։

Leave a Comment