3 դեկտեմբերի 2025 – 10:51 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում, սեզոնային վիրուսների ակտիվության աճով պայմանավորված, արձանագրվել է A(H3N2) տիպի գրիպի տարածում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 – 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ: Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները»,–գրել է Ավանեսյանը։
Նախարարն ընդգծել է, որ սուր շնչառական հիվանդությունների սեզոնին ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում կիրառվել է «համաճարակային ֆիլտր» մեխանիզմը։ Այն գործի է դրվում, երբ սահմանված շեմն անցնում է՝ ուսուցումն այդ պարագայում կազմակերպվում է հեռավար ձևաչափով։
Ավանեսյանը հիշեցրել է, որ գրիպի կանխարգելման առավել արդյունավետ միջոցը պատվաստումն է, որն օգնում է նվազեցնել վարակման վտանգը, մեղմացնել հիվանդության ընթացքն ու նվազեցնել բարդությունների առաջացումը։