Շահրամանյանը հրավիրվել է ՔԿ հարցաքննության

Շահրամանյանը հրավիրվել է ՔԿ հարցաքննության

3 դեկտեմբերի 2025 – 11:03 AMT

PanARMENIAN.Net – Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։

«Այսօրվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով»,– գրել է փաստաբանը։

Հարցաքննությունը տեղի կունենա դեկտեմբերի 3–ին։

Դեկտեմբերի 2–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է դատական նիստ՝ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացրած Շահրամանյանի հայցով։ Նիստից հետո Շահրամանյանն ասել է, որ հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այցից հետո, և մի հարց տվել։

«Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր Վեհափառի հետ. ստացել եմ բացասական պատասխան, և իմ եզրակացությունն արել»,– ասել էր նա։

Leave a Comment