Զուրաբյան. Եթե 2019–ի փաստաթուղթն ընդունվեր, կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ

Զուրաբյան. Եթե 2019–ի փաստաթուղթն ընդունվեր, կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ

3 դեկտեմբերի 2025 – 11:29 AMT

PanARMENIAN.Net – Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջերս հրապարակված բանակցային փաստաթղթերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե 2019-ին միջնորդների առաջարկած տարբերակն ընդունվեր, «կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ»։

«2021 թվականից սկսած մեր պայքարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2019 թվականի հունիսի պլանի հրապարակման պահանջով վերջապես բավարարված է:

Մեր հանրության, քաղաքական ուժերի ճնշման ներքո պարտադրեցինք իշխանություններին հրապարակել կարգավորման չհրապարակված պլանները: Մենք դրեցինք Նիկոլ Փաշինյանին ծանր երկընտրանքի առաջ. չհրապարակել իրեն առաջարկած կարգավորման պլանը և կուտակել հանրության կասկածներն իր հանցավոր որոշումների վերաբերյալ կամ` հրապարակել և փորձել մինչև ընտրությունները ուղեղների լվացմամբ մարսել հրապարակման վնասները: Արդյունքում, նա ընտրեց երկրորդ ճանապարհը և մենք վերջապես ստացանք 2019 թվականի պլանի բացահայտումը («Կրուտիտները», որ հրապարակումը կապված է Մինսկի Խմբի ֆորմալ լուծարման հետ, չեն աշխատում, որովհետև Արցախի հայաթափումից հետո սպառվել էր Մինսկի Խմբի առաքելությունը և նրա հովանավորությամբ բանակցային գործընթացը, հետևաբար, և խորհրդապահության անհրաժեշտությունը):

Բոլոր մեր հայտարարությունները հաստատվեցին. եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ:

Հանրության ձեռք բերած հաղթանակը, սակայն, մասնակի է: Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019 կարգավորման առաջարկին և դա անգամ ավելի կարևոր պահանջ էր: Փաշինյանն այն չի հրապարակել:

Կա երկու հնարավոր բացատրություն.

  • Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը է´լ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը,
  • Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում` որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը` փաստորեն, մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը»,–ասվում է գրառման մեջ։

Կառավարության պաշտոնական կայքում տեղադրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

«Հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»,–ասվում է հրապարակման մեջ։

Leave a Comment