ՔՊ-ն հանձնվում է ու փոխում դեմքը. էթիկայի նորմերն են գերիշխելու

ՔՊ-ն հրապարակել է էթիկայի կանոնագիրքը։ Ի՞նչն է նման կանոնագիրք ունենալու պատճառը և ի՞նչ հետևանքներ կունենա։ ։

«ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին», – դեկտեմբերի 2-ին գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. – «Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»։

Կա լավատեսական կարծիք, թե ՔՊ-ի էթիկայի կանոնագիրք ընդունելը վարակիչ կդառնա, մյուս կուսակցությունները ևս էթիկայի կանոնագիրք կընդունեն, գուցե նաև մի շարք կուսակցություններ էթիկայի նորմերի պահպանման խարտիա կստորագրեն, և էթիկայի նորմերը ընդհանուր կդառնան ամբողջ քաղաքական համայնքում, բոլոր քաղաքական գործիչների համար։ Եվ այսուհետև ոչ միայն ՔՊ-ականներն, այլև բոլոր քաղաքական գործիչները կհրաժարվեն ատելությունից, հայհոյախոսությունից, կառաջնորդվեն էթիկայի նորմերով, չեն ստի, չեն զազրախոսի, չեն շնանա և այլ մեղքեր չեն գործի, այլ իրապես առաքինության օրիակ կծառայել ժողովրդի համար։

Կա նաև ռեալ կանխատեսում, որ ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքը կհանգեցի ՔՊ-ի պարտությանը։ ՔՊ-ն հայտնի է իր հայհոյախոսությամբ, ժողովրդի, ընդդիմախոսների հանդեպ ատելությամբ, ազատ մամուլի նկատմամբ անթաքույց վախերով։ Փաշինյանից մինչև ամենավերջին ՔՊ-ական համակիրը նույն հայհոյախառն բառապաշարով էին խոսում հանրության, մարդկանց հետ։ Այսինքն՝ հայհոյախոսությունը, ատելության խոսույթը, ժողովրդի հանդեպ արհամարհական վերաբերմունքը ՔՊ-ի բնորոշ հատկանիշներն են։ ՔՊ-ականն ու ատելությունը իրարից անբաժան են։

Փաշինյանի հետ եկեղեցի գնացող ՔՊ-ականները ևս լցված են ժողովրդի հանդեպ ատելությամբ։ Բազմաթիվ օրինակներ կան, երբ ՔՊ-ական ակտիվիստները լրագրողի պարզ հարցերին ի պատասխան խոսում են ատելությամբ ու վիրավորական բառեր ուղղում մամուլի, ժողովրդի հասցեին։

Դեկտեմբերի 2-ին ԱԺ-ում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բացահայտ ծիծաղով էր ներկայացնում առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը, ինչն ինքնին անլրջացնում էր ժողովրդի համար շատ կարևոր ծրագիրը։ Ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելիս, նա ծիծաղում էր, հեգնական պատասխաններ հնչեցնում ժողովրդի առողջությանն, այս ոլորտի քաղաքականությանն առնչվող լուրջ հացերին։ Օրեր առաջ էլ Լոռու մարզպետն էր սպառնալի գրառումներ արել մարդաբոյ խոտի մասին։ Էթիկայի կանոնագիրք ընդունելուց հետո ՔՊ-ականների խոսույթը, հանրության ու քաղաքական մրցակիցների նկատմամբ վերաբերմունքը փոխվելո՞ւ է։

Ենթադրելի է, որ ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքն ընդունվել է Եվրամիության ճնշմամբ։ Եվրոպացի գործընկերները, հավանաբար, շատ են ամոթանք տվել ՔՊ-ին ժողովրդին ատելու, հայհոյախոսելու համար։ 2021-ի ընտրություններից հետո միջազգային դիտորդների դիտողություններից մեկը վերաբերում էր ատելության խոսույթին։ Նրանք ակնարկում էին, որ ՔՊ-ն քարոզարշավում շատ է ատելության խոսք կիրառել, ինչը վայել չէ ազատ, ժողովրդավարական երկրի քաղաքական ուժին։ Եվ, հավանաբար, այդ դիտողությունը հաշվի առնելով, ՔՊ-ն 2026-ին ընտրություններին ընդառաջ որոշել է հրաժարվել հայհոյախոսությունից, ատելության խոսույթից։

Կա հիմնավոր մտավախություն, որ էթիկայի կանոնագրքով առաջնորդվելն, այսինքն՝ հայհոյախոսությունից, ատելության խոսույթից, ստելուց հրաժարվելը կարող է հանգեցնել ՔՊ-ի պարտության 2026-ի ընտրություններում։ Անհասկանալի է, թե եթե ՔՊ-ն չհայհոյի ու չատի մարդկանց, չստի, ապա ի՞նչ պետք է խոսի, ինչի՞ մասին, ի՞նչ բառապաշարով։ Հանրությունը կարող է չճնաչել Փաշինյանին ու չընտրել նրան, եթե նա չհայհոյի, ատելության խոսք չուղղի ժողովրդին, առաջին հերթին՝ քաղաքական մրցակիցներին։

Պարզ ասած՝ ՔՊ-ի էթիկայի նորմերի կանոնագիրքը հույս է ներշնչում, որ ՔՊ-ն, փոխելով դեմքն ու զրկվելով պայքարի հիմնական զենքերից, կարող է պարտվել 2026-ին։ Այսինքն՝ եթե քաղաքական մրցապայքարը դառնա գաղափարական, բովանդակային, ապա պատրաստված կուսակցությունները կարող են հաղթել ՔՊ-ին և հույս արթնացնել, որ պարտություններով լի էջը փակվելու է, վերսկսվելու է հաղթանակների շրջանը։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment