Ուշակովը հայտնել է Պուտինի՝ հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագրի հետ մասնակի համաձայնության մասին

Ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան կողմի որոշ առաջարկներ, որոնք տեղ են գտել ավելի վաղ Մոսկվային փոխանցված փաստաթղթերում, արժանացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությանը, սակայն ինչ-որ բանի հետ նա համաձայնել է, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք չենք քննարկել կոնկրետ ձևակերպումներ, կոնկրետ ամերիկյան առաջարկներ, այլ քննարկել ենք այն, ինչ դրված է այդ ամերիկյան փաստաթղթերում։ Ինչ-որ բանի հետ մենք կարող էինք համաձայնել, և նախագահը դա հաստատել է իր զրուցակիցներին, ինչ-որ բան մեզ մոտ քննադատություն է առաջացրել, և նախագահը նույնպես չի թաքցրել մեր քննադատական և նույնիսկ բացասական վերաբերմունքը մի շարք առաջարկների նկատմամբ», -ասել է Ուշակովը լրագրողներին Կրեմլում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո, որոնք տևել են գրեթե հինգ ժամ։

Նրա ներկայացմամբ՝ խոսքը «այն նախագծերի, այն փաստաթղթերի բովանդակության մասին է, որոնք ամերիկացիները որոշ ժամանակ առաջ փոխանցել են Մոսկվա»: Կրեմլում կայացած հանդիպմանը բանակցությունների մասնակիցներն «անցել են այդ փաստաթղթերով»:

Ընդ որում, Ուշակովը նշել է. «Գլխավորն այն է, որ տեղի է ունեցել բավական օգտակար քննարկում»:

«Կողմերը հայտարարել են համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար», – ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը:

Նա նշել է, որ կողմերը չեն կարողացել փոխզիջման գալ ամենաբարդ հարցերից մեկի՝ տարածքային վեճերի շուրջ։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, Կրեմլում դեկտեմբերի 2-ին մասնակցել էին բանակցություններին ռուսական կողմի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար շաբաթներ տևած ինտենսիվ դիվանագիտությունից հետո: Ամերիկյան թիմը Մոսկվայից հեռանալուց ի վեր մեկնաբանություններ չի տվել:

Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում:

Leave a Comment