
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը շարունակվում է արդեն ավելի քան երեք ժամ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Այն մեկնարկել էր Կրեմլում ժամը 20:45-ի սահմաններում:
Բանակցություններին ԱՄՆ-ն ներկայացնում է նաև Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Մասնակցում են նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի առաջնորդի հատուկ դեսպան Կիրիլ Դմիտրիևը։
Կրեմլի խոսքով՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԱՄՆ-ի «խաղաղության պլանի» տարբերակը, որը մշակվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև քննարկումների արդյունքում։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Ուիթքոֆը և Քուշները պլանը մշակել են դեռևս հոկտեմբերին։ Ընթացքում նրանք հանդիպել են նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ։
Սա Ուիթքոֆի վեցերորդ այցն է Մոսկվա Թրամփի վարչակազմում պաշտոն ստանձնելուց ի վեր։