Իր դեմ մեղադրանքներն է ծանրացնում. Զուրաբյանը Փաշինյանին մեղադրել է Արցախի հարցով կարևոր փաստաթուղթ թաքցնելու մեջ

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկին Հայաստանի պաշտոնական պատասխանը թաքցնելու մեջ։

Հայտարարությունը հնչել է կառավարության կողմից Արցախի բանակցային գործընթացին վերաբերող 13 փաստաթղթերի հրապարակման կապակցությամբ։

Զուրաբյանի խոսքով՝ դեռևս 2021 թվականից պայքարել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2019 թվականի հունիսի պլանի հրապարակման համար: Սակայն, ըստ նրա, Փաշինյանը չի հրապարակել Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019 կարգավորման առաջարկին և դա ավելի կարևոր պահանջ էր:

Զուրաբյանը նշել է, որ դա երկու հնարավոր բացատրություն ունի․

  •  Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչն է´լ ավելի է ծանրացնում մեղադրանքը։
  • Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում` որ Փաշինյանն ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը` փաստորեն, մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը:

ՀԱԿ փոխնախագահը շեշտել է, որ փաստաթղթի հրապարակումը հնարավոր է դարձել հանրային ճնշման արդյունքում։

«Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ»,- հավելել է նա:

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հանրայնացրել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի 13 փաստաթուղթ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ի պատասխան 44-օրյա պատերազմի և 2019 թվականի բանակցությունների վերաբերյալ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների՝ նա կհրապարակի Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ։

«Իմնեմիմի» փոդքասթում Սարգսյանն ասել էր, որ 2020 թվականի պատերազմն անխուսափելի էր, սակայն դրա արդյունքն անկանխատեսելի էր մինչև 2018 թվականը։ Նա պարտության համար նշել էր երեք պատճառ՝ բանակցություններից հրաժարվելը, նոր իշխանությունների գործողությունները, որոնք թույլ տվեցին Ադրբեջանին արդարացնել ուժի կիրառումը, և բանակի մարտունակության անկումը։

Leave a Comment