ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ, հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերությունների հետ։
«Ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին եռամյա ծրագիրը՝ 2023-2025 թվականների համար 28 ընկերությունների հետ կնքված պայմանագրային ավելի քան 171 մլրդ դրամի չափով, անկյունաքարային է հանդիսացել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար»,- գրել է նախարարը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ 2022 թվականից սկսած՝ տեղական ռազմարդյունաբերության ընկերությունների հետ պայմանագրերի ծավալը 5,5 մլրդ դրամից աճել է մինչև 170 մլրդ դրամ։
