Երեխաների վարքը ձևավորվում է այն միջավայրում որտեղ մեծանում են. կրկնօրինակում են այն, ինչ տեսնում են. Կարինե Խաչատուրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հոգեբան, հոգեթերապևտ Կարինե Խաչատուրյանը

– Տիկի՛ն Խաչատուրյան, Զորականում դեռահասների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը մեծ արձագանք առաջացրեց և լայն քննարկումների տեղիք տվեց։ Ո՞րն է Ձեր գնահատականը տեղի ունեցածին, և ինչ խնդիրներ է այն ի ցույց դնում։

– Ցավոք սրտի, կատարվածը բացառություն չէ մեր իրականության մեջ, սա միակ նման միջադեպը չէ, սա ընդհանուր մեր հասարակության մասին է խոսում: Մեզանում շատ է արդարացվում բռնությունը, թե՛ ընտանիքներում, թե՛ շրջապատում ուժով խնդիրներ լուծելը դաստիարակվող ու խրախուսվող միջոց է հատկապես տղաների շրջանում, թեև աղջիկների շրջանում էլ է դա պատահում: Եթե դիտարկենք ընտանիքից եկած այդ ուղերձները, որ եթե քեզ խփում են, դու էլ խփիր, ու ընդհանրապես խրախուսվում է հարցերը բռնությամբ լուծելու մեթոդը, ու բռնությունը արդարացվում է: Եթե երեխան, նաև մեծահասակները բռնություն են կիրառում դա հաճախ նաև չի պատժվում ու ընդունելի երանգ է ստանում շրջապատում: 

Այստեղ ես ավելի շատ տեսնում եմ հոգեկրթության բաց, այսինքն՝ երբ երեխաներին մանկուց չեն սովորեցնում հուզական ինտելեկտի ինչ-որ բաներ, ու այդ հույզերին անդրադարձ չի արվում, կա՛մ ճնշվում է, կա՛մ խրախուսվում է ագրեսիան, այսինքն՝ երկու ծայրահեղություն կա՝ մի կողմից խրախուսվում է ագրեսիան, մյուս կողմից՝ ճնշում են երեխայի զայրույթը, որը հետո բերում է հասակակիցների միջև ագրեսիվ երևույթների, կամ տվյալ երեխան կարող է հետագայում ինքը ենթարկվել ագրեսիայի: 

Այստեղ մենք շատ մեծ բաց ունենք, որովհետև ավելի շատ կենտրոնանում ենք երեխաների ինտելեկտուալ կրթության վրա ու բաց ենք թողնում հոգեբանական մասը, որը չափազանց կարևոր է: Առողջ հոգեբանություն ունեցող մարդու համար ավելի կարևոր է հուզական ինտելեկտը, քան՝ նույնիսկ ինտելեկտը: 

Այս դեպքի հետ կապված. դեռահասությունը շատ զգայուն շրջան է, ու շատ-շատ փոփոխություններ են տեղի ունենում դեռահասի ներսում, հուզական առումով նրանք շատ անկայուն են, նրանց ինքնության բացահայտման տարիքն է, երբ փնտրում են պատասխաններ, թե ով է ինքը, ու նաև հասակակիցները դառնում են ավելի կարևոր ու առաջնային: Եթե երեխայի համար կարևորն ու առաջնայինը ընտանիքն է, ապա դեռահասի համար շրջապատն է առաջնային դառնում, ու շրջապատում ընդունված լինելու պահերը շատ կարևոր են դառնում: Ու եթե նման խմբային դեպքեր են լինում, ապա դա հաճախ լինում է խմբում դիրք գրավելու կամ խմբին պատկանելու համար, նաև ուժը ցուցադրելուն է միտված, թե տեսեք՝ ես ուժեղ եմ, կարող եմ հարցերն այսպես լուծել, ու նպատակն այն է, որ իրեն ընդունեն տվյալ խմբում: Մանավանդ որ այս դեպքը տեսագրվել է, ակնհայտ է, որ այստեղ դա ցույց տալու, ինչ-որ բան ապացուցելու մոտիվը կա: 

Մեր մշակութային կամ հասարակության վիճակից ելնելով, ցավոք սրտի, հաճախ ուժի ցուցադրությունը ընկալվում է որպես հարգանքի, ազդեցության գաղտնի ուժ, ու դեռահասների շրջանում դա հատկապես կարող է շատ ակտիվ լինել, եթե նրանք համապատասխան դաստիարակություն չեն ստանում տանն ու դպրոցում: Ագրեսիայի դրսևորման գործընթացում հաճախ բթանում է ապրումակցման զգացումը, նրանք զոհին չեն ընկալում որպես անհատ, զգացմունքներ ունեցող մարդ, ու դա, բնականաբար, ավելի է սրում և ուժեղացնում ագրեսիան: 

– Ձեր ասած հոգեկրթությունը ո՞վ կամ ովքե՞ր պետք է ապահովեն:

– Առաջին հերթին դա պետք է արվի ընտանիքում, ու ամենափոքր տարիքից են սկսում, այլ ոչ թե դեռահասությունից: Երեխայի միջավայրը, որտեղ ինքը մեծանում է, պետք է այդպիսին լինի, իսկ հետո, բնականաբար, արդեն կրթական հաստատությունները՝ մանկապարտեզ, դպրոց: Կոնկրետ դեպքով երբ ես կարդացի դպրոցի տնօրենի գնահատականը, ավելի շատ կոծկելու, դեպքը չարժևորելու, չկարևորելու գիծ էր գնում, մոտավորապես՝ դե դեպք է, պատահել է: 

Նույնն էր նաև ծեծած երեխայի հոր արձագանքը, որ մենք մերոնցով այդ հարցը կլուծենք, պետք չէ դա բարձրաձայնել ու քննարկման առարկա դարձնել: Այստեղ տեսնում ենք, որ ոչ միայն ագրեսորի, բռնարարի մոտ կա հոգեբանական խնդիր, այլ նաև՝ զոհի ընտանիքի մոտ, այսինքն՝ տղայի հայրը չի կարևորում կատարվածը, իսկ սա իսկապես խնդիր է: Բնականաբար այս դեպքից հետո բոլոր կողմերին հոգեբանական աջակցություն է հարկավոր:

– Տիկի՛ն Խաչատուրյան, կոնկրետ այդ դեռահասներին ինչպե՞ս կարելի է հասկացնել, որ իրենք սխալ են վարվել, հնչեցին կարծիքներ, որ նրանց անգամ պետք է ազատությունից զրկել:

– Հոգեկրթական միջոցներով, որովհետև նրանք դա արել են, քանի որ ունեցել են խնդիր, նրանց վարքի հիմքում կա հոգեբանական մեծ խնդիր՝ հույզերը կառավարելու, արժեհամակարգի հետ կապված: Ինձ համար լավագույն մոտեցումն այն էր, որ համապարփակ աջակցություն տրամադրվեր երկու կողմին էլ՝ հոգեբանական, կրթական տեսանկյունից: 

– Որքանո՞վ է շրջապատող միջավայրն ազդում դեռահասների, նաև երիտասարդների վարքագծի վրա, որովհետև հնչեցին կարծիքներ, որ տեղի ունեցողը ու ոչ միայն, հետևանք է այն անհանդուրժողականության, ատելության մթնոլորտի, որը կա:

– Այո՛, սա ավելի շատ համակարգային հարց է, ու մենք բոլոր մակարդակներում դա տեսնում ենք՝ ընտանիքից սկսած՝ որպես երեխայի համար առաջնային օղակ, ու բոլոր համակարգերում դա ցավոք սրտի կա։ Մանկապարտեզներում էլ քիչ չեն այդ դեպքերը, երբ դաստիարակները երեխաների նկատմամբ ագրեսիա են ցուցաբերում, դպրոցներում, հետագայում նաև աշխատավայրերում են լինում բռնության դեպքեր: Բռնության դեպքերն էլ, որպես կանոն, կոծկվում, չեն բարձրաձայնվում, նաև արդարացնելու մոտեցում է կիրառվում: 

Ինչ վերաբերում է ատելության մթնոլորտին, անհանդուրժողականությանը, ես կարծում եմ, որ դա միշտ է եղել, հիմա պարզապես շատ ավելի հաճախ են բարձրաձայնվում այդ դեպքերը, իսկ նախկինում չէին խոսում, չէին բարձրաձայնում այդ մասին: Իսկ հիմա տեխնոլոգիական այս զարգացումները կարող են օգնել նմանատիպ դեպքերի բացահայտմանն ու տարածմանը: 

Իհարկե այդ տեսանյութի տարածումը ճիշտ չեմ համարում, բայց դա օգնեց իմանալու, որ նման դեպք է եղել: Նման դեպքերի մասին խոսել, բարձրաձայնելը բնականաբար շատ կարևոր են, որովհետև դա իմպուլս է ու ցույց է տալիս, որ խնդիր կա, ու սա միայն այս դեպքի մասին չէ, այլ ընդհանուր մեր հասարակության, բնակչության խնդիրն է: 

– Տիկի՛ն Խաչատուրյան, միմյանց նկատմամբ ատելությունն ու անհանդուրժողականությունը հոգեբանական ինչ արմատներ ունեն։ Ինչպե՞ս եք բացատրում այդ վարքագծի պատճառները։

– Բոլոր հիմքերը ես էլի տեսնում եմ մանկության մեջ: Նման վարքի հիմքերը շատ վաղուց են գալիս, դա պայմանավորված է այն միջավայրով, որտեղ մեծացել է երեխան: Երեխան սովորաբար կրկնօրինակում է իր միջավայրի վարքը, դա կլինի ընտանիքում, դպրոցում թե այլուր: Երեխաների հիմնական վարքը ձևավորվում է այն միջավայրում, որտեղ մեծանում է, նա կրկնօրինակում է այն, ինչ տեսնում է, որովհետև չունի բավարար քննադատական միտք, լավը վատից տարբերելու կարողություն, խոսքն ավելի փոքր տարիքի երեխաների մասին է: 

Նախադպրոցական տարիքը հատկապես շատ զգայուն տարիք է, եթե այստեղ մի բան այնպես չգնաց, ու ծնողները բաց թողեցին երեխայի հուզական դաստիարակությունը, դա հետագայում իր ազդեցությունը բնականաբար ունենալու է, կամ եթե ընտանիքում կա բռնություն, դա դառնում է պատճառ, որ երեխան դեռահասության շրջանում սկսի կիրառել: 

Հոգեբանական տեսանկյունից ես ագրեսիայի արտահայտման հիմքերը տեսնում եմ մանկության շրջանի մեջ: Կանխարգելման համար կարևոր է ուշադրություն դարձնել մանկությանը, հենց այդ տարիքից պետք է երեխայի հուզական վիճակին ու հուզական դաստիարակությանը շատ ժամանակ տրամադրել, հիմա դա ավելի հեշտ է դարձել, որովհետև տեխնիկական զարգացվածությունը, կրթական նյութերը ավելի շատ են ու հասանելի, ու շատ ավելի հեշտ է դա հիմա կազմակերպել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment