ՀԱԵ Արցախի թեմական խորհուրդը խոր անհանգստություն և մտահոգություն է հայտնել՝ կապված Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործելակերպի և դիրքորոշումների հետ, փոխանցում է «Ապառաժը»։
Նշվում է, որ թեմական խորհուրդը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակետն ու մեկնաբանությունները։ «Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել և դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ խորհուրդը թեմակալ առաջնորդի քայլերի մասին նախապես տեղեկացված չէր, և այն չի բխել իրենց միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։
Խորհուդը նշել է, որ բազմաթիվ արցախցիների մոտ այդ քայլն առաջացրել է զայրույթ, վրդովմունք և անվստահություն։
Թեմական խորհուրդը վերահաստատել է իր համոզումը, որ բոլոր եկեղեցական հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցու ներսում՝ համապատասխան կանոնակարգերի, ավանդության և ազգային արժեհամակարգի սկզբունքով։
