Կոս. Պատրաստ ենք աջակցել կարգավորման գործընթացին, աշխատում ենք նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ

Կոս. Պատրաստ ենք աջակցել կարգավորման գործընթացին, աշխատում ենք նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ

2 դեկտեմբերի 2025 – 18:36 AMT

PanARMENIAN.NetԲրյուսելում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ, որին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, անդրադարձ է եղել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարին։

«Մենք պատրաստ ենք աջակցել նորմալացման գործընթացին, և այս առումով մենք աշխատում ենք նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հարավային Կովկասում շատ բան կարող ենք անել կապակցվածության օրակարգով, բայց սա հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ»,- ասել է Մարթա Կոսը, հայտնում է 1lurer.am-ը։

«Ես վերջերս Տաշքենդում մասնակցել եմ ներդրումային ֆորումի, և մենք այնտեղ քննարկել ենք, և ես հատուկ պլատֆորմ եմ նախաձեռնել, որտեղ պետությունները, կառավարությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները և մասնավոր բիզնեսները կմիանան: Մենք միայն կառավարություններով չենք կարող անել, պետք է նաև մասնավոր ներդրումներ ներգրավել: Այստեղ խոսքը հիմնականում դիվերսիֆիկացիայի մասին է հարավային ուղու վրա:

Եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներից մեկն ինձ ասաց՝ ենթակառուցվածքները դուք կառուցեք, բիզնեսը մենք կանենք: Մենք գիտենք՝ ինչպես բիզնեսով զբաղվել, ինչպես փող աշխատել, բայց մեզ անհրաժեշտ են ենթակառուցվածքներ: TRIPP-ը կապակցվածության մի մասն է միայն, պետք է կապենք արևմուտքի և արևելքի հետ: Քննարկում ենք հատուկ քառակողմ խմբի մասին՝ ՀՀ-Ադրբեջան, Թուրքիա և Եվրոպա»,- ասել է նա:

Կալասն իր հերթին ասել է․ «Մենք քննարկում էինք, թե կոնկրետ ինչ կարող ենք անել: Մենք հնարավորություն ունենք հանդիպելու բոլոր գործընկերների հետ, հարցերը բարձրացնել բոլորի հետ: Երբեմն փոքր բաներն են շատ կարևոր. օրինակ՝ սահմանահատման կետերի բացում, կապակցվածություն, էներգետիկ ենթակառուցվածքներ և այլն»։

Դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Leave a Comment