Պետական և համայնքային սեփականության հողերի օտարման դեպքում կկարգավորվի ցածր գներով հողամասերի՝ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը


Նախատեսվում է պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերի աճուրդով վաճառելու մեկնարկային գինը, ինչպես նաև աճուրդի էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման և անցկացման վերաբերյալ դրույթները:


Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ դեկտեմբեր 2-ի հերթական նիստում:


Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:


Ըստ առաջարկվող փոփոխությունների և լրացումների՝ էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա հողերի էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները կսահմանի Կառավարությունը:


Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպաստի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:


Նշվել է, որ էլեկտրոնային աճուրդները թույլ կտան օնլայն հարթակում անցկացնել ամբողջ գործընթացը՝ առանց ֆիզիկապես ներկայանալու: Այն կնվազեցնի լրացուցիչ ծախսերն ու վարչարարությունը:


«Գնահատման գործունեության մասին» օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով օտարումների պարագայում պարտադիր կիրառել գնահատման գործընթաց՝ գնահատման կազմակերպության միջոցով:


Արմեն Սիմոնյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:


Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:


Ելույթներում պատգամավորները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դիտարկումները կադաստրային արժեքի փոփոխության, տարածագոտիավորման շուկայական մոտարկված արժեքի վերաբերյալ:


Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարևորել է բոլոր տեսակի մրցույթներն առցանց իրականացնելու անհրաժեշտությունը:


Եզրափակիչ ելույթում Արմեն Սիմոնյանը պատասխանել է ելույթներում բարձրացված հարցերին և դիտարկումներին:

Leave a Comment