Այդ միտումը դիտարկել են նաև Եվրամիությունը, եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես՝ Ֆրանսիան և Գերմանիան: Ուիթկոֆ-Քուշներ բանագնացների Մոսկվա այցին ընդառաջ Փարիզում կայացել է Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպում, որի ավարտին Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը «չի կարող կարգավորվել առանց Եվրոպայի մասնակցության»: Ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ մոտակա օրերին «հանդիպում է պահանջել»: Ըստ երևույթին, նա մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայի «անվտանգության երաշխիքների փաթեթը»:
Այս համատեքստում ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Մոսկվայում դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգու – Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հանդիպման մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Շոյգուն հայտարարել է, որ «միլիտարիստական հիդրան կրկին բարձրացնում է գլուխները, բայց Ռուսաստանը և Չինաստանը Եվրոպայում և Ճապոնիայում դրանք հատելու փորձ ունեն»: Աղբյուրը Չինաստանի արտաքին գործերի նախարարից որևէ մեջբերում չի անում, միայն հղում է ՉԺՀ արտգործանախարարությանը, որի հայտարարության համաձայն Պեկինը և Մոսկվան «կարող են գլոբալ անվտանգության երաշխավոր լինել»:
Ըստ էության, Չինաստանի արտաքին գործերի նախարարի Մոսկվա այցը, որ տեղի է ունեցել ռուս-ամերիկյան բախտորոշ բանակցություններից առաջ, ուկրաինական կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշմանն աջակցության իմաստ ունի: Պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ և Չինաստանի առաջնորդները վերջերս հեռախոսազրույց են ունեցել, ինչին հաջորդել է Թայվանի պաշտպանության մասին Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը:
«Միլիտարիստական հիդրայի գլուխները հատելու» մասին Շոյգուի սպառնալի հայտարարությունն այդ առումով վերաբերելի է նաև ԱՄՆ-ին, որ Թայվանի փաստացի անկախության երաշխավորն է, Թայբեյի առևտրատնեսական և անվտանգային գործընկերը: Ճապոնիայի վարչապետն, ամենայն հավանականությամբ, հնչեցրել է այն, ինչ Վաշինգոտնը չի ցանկացել ասել իր անունից: Այս իմաստով ուկրաինական հարցում Ռուսաստանին Չինաստանի աջակցությունը կապվում է Թայվանի շուրջ հնարավոր զարգացումների հետ:
Անհասկանալի է, թե մի իրավիճակում, երբ Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «ԱՄՆ գլուխը հատել», Դոնալդ Թրամփի բանագնացներն ի՞նչ գործարք են առաջարկելու Վլադիմիր Պուտինին: Արդյո՞ք Եվրոպայի ռազմավարական պարտությունը Միացյալ Նահանգների աշխարհաքաղական շահն է: Իսկ եթե դա բերի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական պարտությա՞ն: Թե ռուս-ամերիկյան գործարքը տարածվում է նաև Չինաստանի՞ վրա: